Search
Close this search box.

Զարեհ Սինանյանը հրաժարական է տվել Գլենդելի քաղաքային խորհրդից. նա Հայաստանում պաշտոն կստանա

Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հունիսի 7-ին հրաժարական է ներկայացրել, որպէսզի կարողանա ՀՀ կառավարության մեջ բարձրաստիճան պաշտն ստանձնել։ Այս մասին հաղորդում է Asbares.com-ը՝ վկայակոչելով Գլենդելի քաղաքապետարանը:

Նշենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, Սինանյանը զբաղեցնելու է վարչապետին կից Սփյուռքի գլխավոր հանձնակատարի պաշտոնը:

Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյան շնորհակալություն է հայտնել Սինանյանին՝ Գլենդելին մատուցած իր ծառայությունների համար՝ հավելելով, որ այժմ քննարկվում են նրա թափուր մնացած աթոռը լրացնելու հնարավորությունները:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի ատենապետ Ռանի Ղարիբյանն այս առթից հայտնել է, որ հանձնախումբը հաճույքով է աշխատել քաղաքապետական խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ: Հայ Դատի հանձնախումբը նաեւ հպարտ է, որ առաջին ընտրապայքարի օրերից կանգնած է եղել Սինանյանի կողքին:

Նշենք, որ ըստ քաղաքի օրենքների՝ Գլենդելի քաղաքապետական խորհրդի մնացյալ 4 անդամները կարող են խորհրդի նոր անդամ նշանակել կամ արտահերթ ընտրություններ կազմակերպել նոր անդամ ընտրելու համար։ Նշանակումը պետք է կատարվի 30 օրվա ընթացքում, այլապես պետք է 4 ամսվա ընթացքում նոր ընտրություններ կազմակերպել։

Զարեհ Սինանյան առաջին անգամ 2013-ին է ընտրվել Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամ եւ վերընտրվել է 2017-ին։ Նա երկու անգամ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը՝ 2014-2015-ին եւ 2018-2019-ին:

Այժմ Սինանյանը նաեւ Հոլիվուդ-Բըրբանք օդանավակայանի տնօրինության նախագահն է: