Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում. կինը, տեսնելով, որ ամուսնուն չեն ընդունում հիվանդանոց, բժշկական կենտրոնի առջև ինքնահրկիզվել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի տղամարդ այցելել է Ավան վարչական շրջանի «Նարկոլոգիական Հանրապետական Կենտրոն» ՓԲԸ ՝ բուժվելու նպատակով, սակայն նրան կլինիկայում չեն հոսպիտալացրել՝ պատճառաբանելով, որ գտնվում է ոչ սթափ վիճակում: Նրան ասել են, որ պետք է գնա տուն, սթափվելուց հետո՝ նոր գա:

Նշված տղամարդու կինը, ի նշան բողոքի, որ ամուսնուն չեն ընդունել բուժկենտրոնում, հենց բուժհաստատության առաջ բենզին է լցրել իր վրա և այրել: Հավաքված քաղաքացիները ահազանգել են ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղից օպերատիվորեն ժամանած ոստիկանության ծառայողները մի քանի քաղաքացիների հետ մարել են կնոջ վրա առաջացած կրակը: Մարելուց հետո ոստիկանները ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկները նախ տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել կնոջը, ապա մարմնի տարբեր մասերի այրվածքներով տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված կնոջ և նրա ամուսնու ինքնությունը: