Search
Close this search box.

Ինչո՞ւ է Փաշինյանին այդքան պետք Աբովյանը

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր նախարարներով, պատգամավորներով, մարզպետներով, օգնականներով, խորհրդականներով քայլերթ էր անցկացնում Աբովյան քաղաքում, որտեղ ընդամենը երեք օր հետո պետք է տեղի ունենան քաղաքապետի ընտրություններ:

Վարչապետ Փաշինյանի և նրա շուրջ հավաքված մարդկանց ասածն այն էր, որ հեղափոխությունը պետք է հասնի նաև Աբովյան, պարզ ասած՝ ուզում են վերցնել Աբովյանի քաղաքապետի պաշտոնը ևս: Ստացվում է, որ հեղափոխությունը ինչ որ տեղ հասնում է միայն այն դեպքում, երբ տվյալ քաղաքի կամ գյուղի համայնքապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, եթե ոչ ապա այդ քաղաքը հակահեղափոխության կենտրոն է: Եթե աբովյանցիները ձայն չտան Նիկոլ Փաշինյանի թեկնածու՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գարիգոր Գուլյանին, ուրեմն իրենք հակահեղափոխական են:

Կարելի է շատ բան գրել Աբովյան քաղաքի մասին, և Աբովյանի մաքուր և ասֆալտապատ տեսքը համեմատել Կոտայքի մարզկենտրոն Հրազդանի քանդված ու ավերակ ճանապարհներ հետ, կարելի է ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին և մյուս պաշտոնյաներին խորհուրդ տալ Աբովյանի փողոցներով անիմաստ քայլելու փոխարեն գոնե ինչ-որ բան անել որևէ քաղաքում, և աբովյանցիներին ասել, որ նույնը ձեր քաղաքին է սպասվում, ոչ թե մեկ տարուց ավելի լռված մնալ իբրև թե հեղափոխություն անողի կերպարում: Բայց որքան էլ Աբովյանի տեսքն ու կառավարման մակարդակը էական լինի, իրականում երկրորդական է այն խնդրի հետ համեմատած, որը լուծվում է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում:

Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ մենաշնորհները վերացնելու կոչերով: Հերիք չի, որ նա այդպես էլ չվերացրեց երկրի տնտեսությունը խեղդող տնտեսական մենաշնորհներրի մեծ մասը, հիմա նա փորձում է երկրում հաստատել բացարձակ քաղաքական մենաշնորհ՝ մի բան, որը գոյություն չուներ նույնիսկ ՀՀԿ-ի կառավարման տարիներին:

Օրինակ՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք ԲՀԿ-ական կամ ՀՅԴ-ական համայնքապետի թեկնածուները հաղթում էին ՀՀԿ-ականներին: ՀՀԿ-ն դա շատ ծանր էր տանում, հաղթողներին տարբեր միջոցներով ճնշում էին, փորձում էին հանրապետականացնել, բայց ով դիմանում էր՝ համակերպվում էին: Նոր իշխանությունն ուզում է կառուցել բացարձակ ավտորիտար ռեժիմ: Հիշեցնենք, որ ավտորիտարիզմը անձի հեղինակության վրա հիմնված իշխանությունն է, երբ անձը համոզված է, որ հասարակությունը և քաղաքական ինստիտուտները ենթակա են իր հեղինակությանը:

Փաշինյանը կենտրոնացել է Աբովյանի վրա, քանի որ Աբովյանում շատ բարձր է ԲՀԿ-ի և նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը: Բայց Փաշինյանին թվում է, որ ինքն այնպիսի հեղինակություն ունի, որի միջոցով կարող է ճզմել Ծառուկյանի՝ Աբովյանում ունեցած հեղինակությունը, դրանով ցույց տալով իր գերակայությունը նրա նկատմամաբ: Որովհետև քանի դեռ նա դա չի արել Աբովյանում՝ ինքը իշխանություն չունի այդ քաղաքում: Բացի այդ, Փաշինյանին թվում է, որ Աբովյանի օրինակը կարող է վատ նախադեպ լինել մյուսների համար:

Փաշինյանը որոշել է բոլոր համայնքներում նշանակել իր թեկնածուներին, և եթե Աբովյանի ընտրություններում Փաշինյանը պարտվի, ապա նրա դեմ կարող են ըմբոստանալ նաև Հայաստանի այլ համայնքներում ևս: Աբովյանի փորձը ցույց կտա, որ Փաշինյանի հեղինակությունը այլևս վճռորոշ չէ ընտրություն հաղթելու համար, որ նա այլևս չունի նախկին հեղինակությունը, որ կարողանա ճզմել պոտենցիալ հակառակորդներին:

Այնպես որ. Աբովյանի քաղաքապետի ընտրություններում լուծվում է ոչ այնքան թե ով է ղեկավարելու Աբովյանը առաջիկա չորս տարիներին, այլ Հայաստանի ժողովրդավարական ապագայի հարցը: Որովհետև Նիկոլ Փաշինյանի ավտորիտարիզմի հաստատման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը մնացել է Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը, և Փաշինյանը փորձելու է դա կոտրելու միջոցով բացարձակ քաղաքական մենաշնորհ հաստատել Հայաստանում վերացնելով բազմակարծությունը, բազմակուսակցականությունը և մնացած քաղաքական հաստատությունները, որոնք խանգարում են իրեն:

Եվ եթե հունիսի 9-ի ընտրություններում Աբովյանի գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Վահագն Գևորգյանը հաղթում է ՔՊ-ական Գրիգոր Գուլյանին, ապա դրանով ևս մեկ անգամ վերահաստում է այն փաստը, որը Հայաստանը վերադարձ չունի դեպի անցյալ, դեպի քաղաքական մենաշնորհի ու մեկ անձի իշխանության ժամանակաշրջան:

ArmLife.am