Search
Close this search box.

Արցախում զոհված 19-ամյա Սիփանը Քասախ գյուղից էր, տան միակ տղան

ՊԲ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից մահացած  19-ամյա Սիփան Մելքոնյանը  Կոտայքի մարզի Քասախ գյուղից էր, տան միակ արու զավակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Սիփան Մելքոնյանը դիպուկահարի կրակոցից է զոհվել հենց մարտական հենակետում, մեր մարզի Քասախ գյուղի զավակ է, ընտանիքում միակ տղան է, քույր ունի, ով կարծեմ ուսանողուհի է, հայրն էլ գյուղի դպրոցի պահակն է»,- ասաց մարզպետը` նշելով, որ Սիփանն էլ ուսումը կիսատ էր թողել եւ մեկնել ծառայության:

Ռոմանոս Պետրոսյանը հավելեց, որ զինծառայողի ընտանիքի սոցիալական վատ պայմաններում է ապրում եւ մարզպետարանի սոցիալական աջակցության ֆոնդի կողմից ընտանիքին օժանդակություն կհատկացվի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը: