Search
Close this search box.

«Հրապարակ». Ո՞վ կամ ովքե՞ր են սպառնում Արարատ Միրզոյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ՝ ԱԺ խնդրանքով, գործադիրը պահուստային ֆոնդից 85 մլն դրամ հատկացրեց «տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով»: Այդ գումարով 4 ռենտգենային զննող սարք պետք է գնեն։ Երեքը տեղակայվելու են խորհրդարանի անցակետերում, մեկը՝ ԱԺ նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ։

Նախկինում՝ անգամ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, ԱԺ որևէ նախագահի մոտ այդպիսի մտահոգություն չի առաջացել։ Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանն անհանգստացած իր անվտանգությամբ, ո՞վ կամ ովքե՞ր են սպառնում իրեն՝ երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է Միրզոյանից։ Նա պատասխանել է, որ նման խորհուրդ է տվել ԱԺ պետական պահպանությունն իրականացնող ծառայությունը։

Մինչ այդ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից տեղեկացել էինք, որ սարքը դեռ չի տեղադրվել, և բանակցում են գերմանական ընկերության հետ՝ առաջիկայում այն Հայաստան ներկրելու համար։ «Ինչպե՞ս եք ապահովում ձեր անվտանգությունը, սարքի տեղադրումը կարող է ամիսներ ձգվել»․ մեր լրագրողի հարցին ի պատասխան՝ Միրզոյանը նետել է․ «Մի կերպ յոլա եմ գնում»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: