Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Արարատի մարզում. քառասունքի արարողությունն ավարտվել է ծեծկռտուք-դանակահարությամբ. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Աղմուկ- աղաղակ լսեցինք, մեկել տեսանք, որ մի քանի հոգի իրար հետ վիճաբանում են: 3 հոգու տարան հիվանդանոց, որոնցից երկուսը ծեծված էին, մեկն էլ նստատեղի հատվածում դանակի մի քանի հարված էր ստացել: Լավ էր Մասիսի ոստիկանները, ճանապարհային ոստիկանները վայրկյանների ընթացքում հասան էստեղ ու վենդետան կանխվեց»:

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 2 դանակ, որոնցից մեկի բռնակը կոտրված է և վրան կան արնանման հետքեր և դարն ապրած ВАЗ 2106 մակնիշի 35 RV 836 համարանիշի ավտոմեքենա, որի դռների վրա և ավտոմեքենայի ներսում կան արնանման հետքեր:

06-ից մի քանի մետր այն կողմ հայտնաբերվել է Opel մակնիշի 34 MF 224 համարանիշի ավտոմեքենա, սակայն նշված Opel-ը կապ չունի վիճաբանության հետ: Վարորդը կարմիր լուսացույցի տակ կանգնած է եղել, երբ 06-ը բախվել է օպելին:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են կռվի մասնակիցների ինքնությունը և ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: