Search
Close this search box.

Երբ դատավորը շեղվում է բարոյական նորմերից. իրավապաշտպան Արտակ Գալստյան

Երեկվա դեպքերի ժամանակ հնչեցին տարբեր կարծիքներ, ժողովրդի կողմից իբր թե դատարանի վրա ճնշման անթույլատրելիության մասին:
Ասեմ անկեղծ, եթե ժողովուրդը իրոք ճնշեր, ապա դատավորը ոչ թե առերևույթ կդառնար միլիոնատեր, այլ Սերժի և ՀՀԿ-ի նման հրաժարական կտար:
Սակայն անրադառնամ հարցի իրավական կողմին:
Այսպես՝
Արդարության ելակետը, դրդապատճառը և նպատակը մարդն է։
Մարդիկ միշտ ձգտել են հավասարության և արդարության, քանի որ դրանց ապահովումը լավ հասարակություն կառուցելու նախապայմանն է։
Արդարության գաղափարի հիմքում ընկած է արդարացի, անաչառ լինելը
Երբ փոքր երեխան վրդովված ճչում է, նա որոշակի «անարդարության» մասին է հայտնում։
Երբ ժողովուրդը հանրահավաք է անում և գոչում, կրկին որոշակի «անարդարության» մասին է հայտնում:
Արդարության գաղափարի կարևորագույն առանձնահատկություններից է «մեկ արշինով չափելը», այսինքն՝ մարդկանց, նրանց արածը միևնույն չափանիշով գնահատելը, տարբերություն չդնելը։
Դատավորն ունի մեկ կշեռք, որով կշռում է հարուստին և աղքատին, մեծին և փոքրին։
Արդարությունն ունի երկու «երես»` իրավական և բարոյական, որոնցից առաջինը կարգավորվում է օրենսդրությամբ, իսկ երկրորդը` հասարակական կյանքի այն կանոններով, որոնք անվանում են բարոյական նորմեր։
Առաջին դեպքում արդարությունն ապահովվում է օրենքների միջոցով, որոնցից բխում է, թե ինչ իրավունքներ և պարտականություներ ունի մեզնից յուրաքանչյուրը։
Երկու տեսակի օրենքներ կան` արդար և անարդար։
Ես կլինեմ առաջինը, ով ձեզ խորհուրդ կտա հնազանդվելու արդար օրենքներին։
Մարդն ունի ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվություն՝ հնազանդվելու արդար օրենքներին։
Նմանապես, մարդը բարոյական պատասխանատվություն ունի չհնազանդվելու անարդար օրենքներին։
«Անարդար օրենքն՝ օրենք չէ, ընդհանրապես»։
Արդարության բարոյական կողմն առնչվում է ճշտի և սխալի, բարու և չարի, արդարի և անարդարի, պարտքի և խղճի մասին մարդկանց պատկերացումներին։ Բարոյականությունն առնչվում է այն կանոններին, որոնցով կարգավորվում է մարդու վարքագիծը հասարակության մեջ:
Այսինքն արդարությունը առկա է այն ժամանակ, երբ արդար է օրենքը և նրա կիրառումը բավարարում է հասարակության մեծ մասին:
Չի կարող լինել արդարություն, երբ դրա կիրառումից դժգոհ է ժողովուրդը և գոհ են միայն դատավորը և մեղադրյալը:
Արդարության սուբյեկտը դա մարդն է, իսկ բավարարման անմիջական օբյեկտը հասարակությունը:
ՀՀ Սահմանադրությամբ նույնպես արձանագրված է, որ մարդը բարձրագույն արժեք է և իշխանությունը պատկանում է նրան: Այդ իշխանության ճյուղերից մեկն էլ դատականն է:
Այստեղից հետևում է, որ երբ անձը դառնում է դատավոր, դա ամենևին չի նշանակում, որ ժողովուրդը կորցնում է իր իշխանության այդ մի ճյուղը և դատավոր դարձած անձը այլևս հաշվետու չէ հասարակությանը ու կարող է շեղվել հասարակության բարոյական նորմերից:
Երեկվա դեպքով՝
Արդար օրենքը՝ երաշխավորությունը, առերևույթ կաշառված դատավորի կողմից կիրառվեց հասարակության բարոյական նորմերի ոտնահարմամբ:
Սա նշանակում է ,որ երբ դատավորը շեղվում է բարոյական նորմերից, անկախ այն հանգամանքից թե նա երբևիցե այդպիսիք ունեցել է, թե ոչ, ժողովուրդը իրավունք ունի անմիջապես կիրառել իր իշխանությունը և ստիպել դատավորին գործել արդար օրենքով, հասարակության բարոյական նորմերին համապատասխան:
Այս գործառույթը, ոչ մի կերպ չի կարող դիտարկվել որպես արդարադատության վրա ճնշում:

Արտակ Գալստյան