Search
Close this search box.

Արմավիրի մարզի Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրից. Երեխայի մայրը պնդել է, որ դստերը բռնաբարել  են համադասարանցի 2 տղա

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում 13-ամյա երեխա է հղիացել։ Երեխայի հղիությունը 5-6 ամիս է։ Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Երեխայի մայրը պնդել է, որ դստերը բռնաբարել  են համադասարանցի 2 տղա:

Լրատվամիջոցների հետ զրույցում երեխայի մայրը պատմել է, որ զույգ աղջիկ ունի, հղիացած աղջիկը մտավոր խնդիրներ ունի, առաջին կարգի թոշակառու է, նաև աղիքային խնդիրներ ունի։ Նա ասել է, որ ամիսներ առաջ դասերից հետո երեխաները՝ 2 քույրն ու դասարանցի 2 տղաները մնացել են հերթապահության՝ դասարանը մաքրելու: Քույրերից մեկը դասարանն ավլելուց հետո տարել է աղբը թափելու, վերադարձել և տեսել է, որ դասարանի դուռը փակ է, դուռը թակել է, ձայն չի եղել, օգնություն է կանչել, բայց դպրոցում ոչ ոք չի եղել։ Հետո պարզվել է, որ համադասարանցիներն են դուռը ներսից փակել ու բռնաբարել 13-ամյա աղջկան։

ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում Բաղրամյանի համայնքապետ Գոռ Միրզոյանը նշեց, որ հղիացած 13-ամյա երեխայի ընտանիքի բոլոր անդամները առողջական խնդիրներ ունեն, նաև սոցիալապես են անապահով։ «Տգեղ երևույթ է տեղի ունեցել։ Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի։ Շրջանառվող լուրերը դեռևս ապացուցված չեն։ Գործն ընթացքի մեջ է, անալիզներ են վերցվում, քննությունից հետո պարզ կլինի, թե ինչ է իրականում կատարվել։ Ոչ ոք ոչինչ չգիտի»,– նշեց Գոռ Միրզոյանը։

Անդրադառնալով երեխայի մոր պնդումներին, թե դեպքը դպրոցում է տեղի ունեցել, համայնքապետը նշեց․ «Դպրոցի տնօրենը 3 ամիս առաջ է նշանակվել, իսկ դեպքը 5-6 ամիս առաջ է տեղի ունեցել, այսինքն, եթե նման բան էլ եղել է, ապա նախորդ տնօրենի պաշտոնավարման ժամանակ է եղել։ Սակայն հաստատ ոչ ոք չգիտի, թե որտեղ է կատարվել և ով է արել»,- ասաց համայնքապետը։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: