Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր Նորքի նախկին թաղապետ Արմեն Ուլիխանյանը ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել՝ իր թեկնածու եղբոր համար

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պարզել են, որ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարը եւ ֆինանսական բաժնի նախկին պետը 2017 թվականի հունվարից մարտ ամիսների ընթացքում մի խումբ անձանց ընտրակաշառք են բաժանել:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք տրամադրել են պետպատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր՝ քաղաքացիներից պահանջելով մասնակցել 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին եւ քվեարկել Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի պատգամավորության թեկնածու եղբոր օգտին։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք մի խումբ անձանց տվել են 10․000 դրամ ընտրակաշառք եւ տրամադրել պետպատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր՝ վարչական շրջանի ղեկավարի եղբոր օգտին քվեարկելու համար։

Մայիսի 16-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձի նկատմամբ, թեկնածուներից որեւէ մեկի օգտին քվեարկելու համար ընտրողին միջնորդի միջոցով կաշառք տալու կամ որեւէ այլ առավելություն տրամադրելու դեպքի առթիվ։

Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Նշենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն այդ ժամանակ եղել է Արմեն Ուլիխանյանը, իսկ նրա եղբայրը՝ Ղուկաս Ուլիխանյանը եղել է այդ տարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից մեկը: