Search
Close this search box.

Դժբախտ դեպք Ապարանում. 16- ամյա աղջնակի կյանքը վտանգված է

Դժբախտ դեպք է տեղի ունեցել Ապարան քաղաքում: Ապարանում պատմում են, որ մայթեզրյա բարդիների հատման ժամանակ կտրված ծառը 20 մետր բարձրությունից ընկել է 16- ամյա Շահանե Միրզոյանի վրա: Աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևան.

«Ով էր թույլ տվել, որ երկու կողմի մայթերը միաժամանակ փակվեին, ուր էր ոստիկանությունը` ոստիկանապետի գլխավորությամբ, ինչու էր հատումն իրականացվում առանց վերամբարձ կռունկի, ով էր թույլատրել հատել սլացիկ բարդիները, որոնցից ընդամենը երեք հատ կա Ապարան քաղաքում»,- հարցերի շարան, որոնք բարձրացնում են Ապարանի բնակիչները:

Ապարանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ եղել է ոչ թե ծառերի հատում, այլ ծառերի էտում, որն իրականացրել են «Պստո» և «Մավշին» ՍՊԸ-ները.

«Այս տարվա ապրիլի 25-ին էլեկտրոնային փակ մրցույթ է եղել, մասնակցել է երեք ընկերություն, շահել են «Պստո» և «Մավշին» ՍՊԸ-ները, որոնք ըստ պայմանագրի պետք է իրականացնեն Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի, որը միջպետական ճանապարհ է, մայթեզրերի ծաղկապատման և ծառերի էտման աշխատանքներ:

Բարդիների էտումն էլ պայմանավորված է եղել բնակիչների դժգոհությամբ, նրանք պարբերաբար դիմել են քաղաքապետարան` ասելով, որ բարդիները փակում են արևի լույսը՝ իրենց բնակարաններում: Այս տարիների ընթացքում ի դեպ այդ բարդիները որևէ անգամ էտման չեն ենթարկվել: Բնակիչները նախկինում չեն դիմել»,- ArmLife.am-ին տեղեկացրեց Ապարանի համայնքապետի տեղակալ Գոռ Աբրահամյանը, ով նաև Ապարանի նախկին քաղաքապետն է եղել.

«Մի մասն ասում է, որ 16- ամյա աղջնակը դպրոցից դուրս է եկել ականջակալներն ականջին և դժբախտ պատահարը տեղի է ունեցել Էտման հատվածում` անվտանգության գոտի եզրագծող ժապավենի ներսում, մի մասն էլ ասում է` դեպքը ժապավենից դուրս է եղել»,- նշեց համայնքապետի տեղակալը:

ArmLife.am-ը դեպքի առնչությամբ կապ հաստատեց նաև Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հետ. «Դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին, երեխային շտապ տեղափոխել են Երևան. հիվանդանոցում լավագույն վիրաբույժի կողմից վիրահատության է ենթարկվել աղջնակը, սակայն, ցավոք, վիճակը շատ ծանր է: Անձամբ այցելել եմ ու խոսել բժիշկների հետ, ինչպես ասում են` Աստծո հույսին ենք»,- նշեց քաղաքապետը:

Շահանեն այս պահին գտնվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական  կենտրոնում՝ կոմայի մեջ: Նա ունի մեկ եղբայր և քույր: Եղբայրը զինվորական ծառայության մեջ է: