Search
Close this search box.

Բակո Սահակյանի երաշխավորությունը ուժ ունենալ չի կարող. իրավապաշտպան Արտակ Գալստյան

Այսօր էլ Քոչարյանի համակիրները լուրեր տարածեցին, որ Արցախի նախկին և ներկա Նախագահները բարեհաճելու են Երևան, որպեսզի դատարանում հաստատեն իրենց երաշխավորությունները:
Այստեղ են ասել, բարով ժամանեք, հայերը հյուրնկալ ազգ են:
Ուղղակի Բակո Սահակյանի երաշխավորությունը իրավական ուժ ունենալ չի կարող հետևյալ պատճառաբանությամբ:
Քրեական Դատավարության Օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն՝ անձնական երաշխավորություն տվող անձը տալիս է գրավոր պարտավորությունն այն մասին, որ նա իր խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում է կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:
Քրեական Դատավարության Օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը երաշխավորին ծանոթացնում է մեղադրանքի բովանդակությանը, նրան բացատրում է երաշխավորողի իրավունքները և պարտականություններն ու նախազգուշացնում է երաշխավորողի պատասխանատվության մասին: Դրանից հետո երաշխավորը իրավունք ունի հաստատել իր երաշխավորությունը կամ հրաժարվել դրանից:
ՀՀ Քրեական Օրենսգրքի 346-րդ հոդվածը սահմանում է՝ անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելը, որի հետևանքով մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Սույն իրավանորմերի լույսի ներքո դիտարկելով՝ Բակո Սահակյանի ենթադրյալ երաշխավորության փաստը գալիս ենք հետևյալ եզրակացությանը՝
Բակո Սահակյանը Արցախի ընտրված Նախագահն է, ըստ միջազգային իրավունքի այլ երկրի Նախագահ:
Նրա երաշխավորության հաստատման դեպքում, եթե Ռ.Քոչարյանը չցուցաբերի պատշաճ վարքագիծ կամ խուսափի քննությունից, ապա ՀՀ իրավապահ մարմինները ուղղակիորեն զրկված են ՀՀ քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածի կարգով նրան մեղադրանք առաջադրելու իրական հնարավորությունից:
Սրանից էլ ակնհայտ է,որ Դատարանի կողմից Անձնական երաշխավորություն ընդունելու հիմնական պայման հանդիսացող երաշխավորին քրեական պատասխանատվության մասին նախազգուշացնելու ինստիտուտը տվյալ դեպքում ակնհայտ չի գործում:
Այսինքն Բակո Սահակյանի երաշխավորության դեպքում լիարժեքորեն չի կարող կիրառվել Երաշխավորության ինստիտուտի հիմնական՝ մեղադրյալի կողմից խախտում կատարելու դեպքում, երաշխավորին պատասխանատվության ենթարկելու դրույթը:
Այլ կերպ ասած, այլ երկրի Նախագահը չի կարող որպես երաշխավոր հանդես գալ Հայաստանում:
Բացի այդ՝
Մարտի մեկի քրեական գործի հիմնական մեղադրող ապացույցը դա Զորքի,այդ թվում նաև Արցախի Պաշտպանության Բանակի զինծառայողների ներգրավումն է ՀՀ ներքաղաքական գործնթացներում:
ՀՀ Զինուժը Ռ.Քոչարյանը ի վիճակի էր տեղաշարժել ինքնուրույն:
Սակայն Արցախի Պաշտպանության Բանակի զինծառայողներին Ռ.Քոչարյանը առանց Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հրամանի կամ գիտության նա տեղաշարժել չէր կարող:
Մարտի մեկի մայր գործը դեռ քննվում է և ես ունեմ ներքին համոզմունք,որ Բակո Սահակյանի Արցախի Նախագահական ժամկետի ավարտից հետո նախաքննական մարմինը վերը նշվածի շուրջ ուղղակի պարտավոր է հարցաքննել Բակո Սահակյանին:
Թե՞ ինչ դատավարական կարգավիճակ կարող է ունենալ Բակո Սահակյանը այդ ժամանակ ՝ վկա թե մեղադրյալ ես այս պահին ասել չեմ կարող, բայց փաստը, որ Բակո Սահակյանը մարտի մեկի մայր գործով կունենա վերը թվարկած դատավարական կարգավիճակներից մեկն ու մեկը իմ մոտ կասկած չի հարուցում:
Սրանից էլ Բակո Սահակյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին երաշխավորություն տալը բացառող երկրորդ հանքամանքն է:
Ամփոփեմ՝ միջազգայնորեն այլ երկրի նախագահը,որը ամենայն հավանականությամբ որպես վկա կամ մեղադրյալ ներգրավվելու է դատարանում քննվող անջատված մասի մայր գործով,չի կարող հանդես գալ որպես երաշխավոր անջատված գործով:
Հուսամ՝ Դատարանը նույնպես երաշխավորության քննության ժամանակ հաշվի կառնի այս հանգամանքները:

Արտակ Գալստյան