Search
Close this search box.

Քոչարյանի խղճին, բացի մարտի 1-ից, ևս 39 մարդու սպանություն կա. Ժիրայր Սեֆիլյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ և հալածյալ չէ, նա հանցագործ է, և դրա մասին գիտեն բոլորը: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց ասաց ‹‹Սասնա Ծռեր›› կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նշեց, որ Հայաստանում կան քաղաքական բանտրակյալներ, նրանք են՝ Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը, Արթուր Վարդանյանը:
‹‹Կան այլ ցմահ դատապարտվածներ, ովքեր քաղաքական բանտարկյալներ են, բայց միանշանակ Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը քրեական հանցագործներ և մարդասպաններ են››,-ասաց կուսակցության ղեկավարը:

Սեֆիլյանը նշեց, որ Քոչարյանի խղճին է ոչ միայն մարտի 1-ի սպանությունը, այլ լրացուցիչ ևս 39 մարդու սպանություն:
‹‹Դրանց մասին կան հայտարարություններ, դրանք օդում պտտվող լուրեր չեն: Սպանվածների հարազատները հայտարարություններ են արել, սակայն այդ գործերը որևէ կերպ առաջ չեն շարժվել››,-վստահեցրեց նա:

Կուսակցության ղեկավարը կարծում է, որ Քոչարյանը աջակիցներ չունի Հայաստանում, իսկ այն մարդիկ, ովքեր դիմացի մայթում են, Քոչարյանի աջակիցները չեն: Իր խոսքով, նրան ուղղակի մոլորյալ վարձկաններ են, ովքեր եկել են 2 կոպեկ աշխատելու համար:

‹‹Ես ստույգ տեղեկություններ ունեմ, թե նրանց ինչպես են բերել: Եթե որևէ մեկը դիմացի մայթից կորոշի, որ ես զրպարտում եմ, թող ինձ դատի տա, և ես դատարանում կապացուցեմ հակառակը››,-ասաց Սեֆիլյանը:

Հիշեցնենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և մյուսների գործով դատական նիստը: Դատարանի բակում են հավաքվել ընդդեմ Քոչարյանը և հանուն Քոչարյանի ցուցարարները: