Search
Close this search box.

Ես ոտքերս ոչ մի երկրի դրոշի վրա չեմ մաքրել. մարզպետ

Ես ոտքերս ոչ մի երկրի դրոշի վրա չեմ մաքրել, ակցիայի ժամանակ դրոշը, այո, հայտնվել է գետնին, աբսուրդ է այդ կոնտեքստով դա ներկայացնելը: Ներկայացնում են, որ Արագածոտնի մարզպետն է դա արել: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ անդրադառնալով հրապարակումներին, թե ինքը տարիներ առաջ ակցիայի ժամանակ ՌԴ դրոշը գետնին է գցել ու տրորել:

Մարզպետն ասաց, որ այդ միջադեպին անդրադարձել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այսօր հենց Մարուքյանն է հակառուսական տրամադրություններ հարուցում:

Նա նաև հերքել է իր անվան հետ կապվող այլ տեղեկություններ. «Ես երբևիցե «Yandex» տաքսի չեմ վարել, բայց եթե երբևիցե տաքսի վարած լինեի, ազնվորեն կխոսեի այդ մասին, որովհետև դա քրեական տարրերի սպասարկել չի, ձայն փախցնել չէ, ես դրա մասին հպարտությամբ կնշեի»:

Մարզպետը հերքեց նաև լուրերը, թե ինքը գազալցակայան է մտել, այնտեղ ՀԴՄ պահանջել և դա չստանալով՝ իր ձեռքերին ազատություն տվել: