Search
Close this search box.

Ստեփանակերտի կարևոր հայտարարությունը հրադադարի 25-ամյակի նախօրեին

Երեկ Ստեփանակերտում համաժողով է տեղի ունեցել նվիվրած Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի համաձայնագրի 25-ամյակին, որը կազմակերպել է Արցախի ԱԳՆ-ն:

Համաժողովին ելույթ է ունեցել Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը եւ կարեւոր առաջարկ արել: Նա նշել է, որ Արցախի իշխանությունները պատրաստ են միջազգային միջնորդներին տրամադրել սահմանին տեսահսկողության տվյալները եւ ավելացրել, որ այդ համակարգը կարող է հրադադարի ռեժիմի վերահսկողության միջազգային մեխանիզմի բաղկացուցիչ մաս դառնալ:

Այն, որ Արցախը պատրաստ է դառնալ տարածաշրջանային անվտանգության միջազգային համակարգի մասը, Ստեփանակերտը հայտարարել է ապրիլյան պատերազմից հետո: Հատկապես, 2016 թվականի մայիսին Վիեննայի հանդիպումից հետո, երբ ԱՄՆ առաջարկով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել: Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահ Օլանդը հայտարարեց, որ սարքավորումները պետք է ոչ միայն արձանագրեն խախտումները, այլ նաեւ հնարավորություն ունենան պատժելու խախտողներին: Այլ կերպ ասած, խոսքը յուրատեսակ զենքի մասին էր:

Պայմանավորվածությունը չհաջողվեց կյանքի կոչել, եւ հայկական կողմը միակողմանի սահմանին սարքեր տեղադրեց: 2017 թվականի փետրվարին դրանց շնորհիվ հաջողվեց նկատել ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջախաղացումը դեռ հակառակորդի թիկունքում: Այն ժամանակ ադրբեջանական կողմը 5 զոհ տվեց:

Միջազգային հանրությունը հայկական կողմից սարքավորումների տեղադրման համար դատապարտող հայտարարություն չի արել: Ավելին, հայ զինվորականների տվյալներով, սարքերի մի մասն ամերիկյան ծագում ունի:

Իր հերթին, Մասիս Մայիլյանն ընդգծել է պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, որոնք ձեռք են բերվել 2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում:

Ադրբեջանը Ռուսաստանի լուռ աջակցությամբ կարողացավ չեղարկել պայմանավորվածությունները: Բաքուն ստիպված էր բացահայտ խոստովանել, որ սարքերի տեղադրումը ստատուս-քվոյի ու սահմանի ճանաչում է:

Պատահական չէ, որ Արցախի ԱԳ նախարարը հիշեցրել է հակամարտող զորքերի բաժանարար գծի մասին, որն արձանագրվել է բոլոր երեք կողմերից, Ռուսաստնաի ՊՆ միջնորդությամբ՝ որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս: Մայիլյանը նշել է, որ հրադադարի համաձայնագրի իրագործումը նշանակում է կողմերի համաձայնեցրած հրադադարի գծի վերականգնում,որն Ադրբեջանը խախտել է 2016 թվականի ապրիլին:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը պաշտոնապես 800 հա տարածք է կորցրել, այդ թվում՝ Լելեթեփե ռազմավարական բարձունքը: Հրադադարի համաձայնագրին հավատարմությունը ենթադրում է նախկին սահմանի վերականգնում: