Search
Close this search box.

ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերը առնչվում՝ և՛ մարդկանց, և՛ իրադարձությունների․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ իր հարցը ծագել է այսօր հնչեցված հայտարարությունից, որ անցյալ տարի ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացվել։

«Փաստորեն ծառայողական քննություն է ընթանում: Կուզեի իմանալ, ե՞րբ եք պարզել, որ ոչնչացվել են, ինչո՞ւ քրգործ հարուցված չէ և ինչո՞ւ Կուտոյանը(ԱԱԾ նախկին ղեկավար/ խմբ.) բանտում չէ»,-դիմելով վարչապետին՝ հարցրեց նա։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ամսաթվով չի կարող ասել՝ որ օրն են հայտնաբերվել, բայց նախորդ տարի ամռանն են բացահայտել և սկսվել է ուսումնասիրման գործընթացը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քանի որ նուրբ հարց է, չէր ցանկանա հրապարակային անդրադառնալ մանրամասներին։ «Բայց քանի որ կառավարության հասցեին հարցադրումներ են հնչում և անուղղակի կապ ունեն այդ թեմայի հետ, թե ԱԱԾ-ն ինչ է՝ չգիտի՞ ինչ է տեղի ունեցել Մարտի մեկին, պետք է մեկ, երկու և իքս ժամանակ արձագանքել դրան, ապա որոշեցինք թեման բարձրաձայնել, որ հանրությունը տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում»,-ասաց նա։

Վարչապետն ասաց, որ ինչ-որ շրջան այդ աշխատանքները քողարկված են իրականացվել և հիմա հասել են այնտեղ, որ նույնիսկ հրապարակային կարող են ասել։

«Հավանական եմ համարում, որ փաստի առիթով քրեական գործ կհարուցվի և տեղի կունենա համապարփակ քննություն։ Իսկ թե ով բանտում կհայտնվի, չի հայտնվի՝ այդ հարցերում իմ դիրքորոշումը գիտեք»,-ասաց Փաշինյանը։

Արման Բաբաջանյանն արձագանքեց, թե ունի կասկածներ, որ այդ նյութերն առնչվում են Մարտի մեկին: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Դրանք լայնածավալ շրջանակի են առնչվում՝ և՛ մարդկանց, և՛ իրադարձությունների, այդ թվում օրինակ ընդդիմադիր ինչ գործչի նկատմամբ ինչ օպերատիվ գործողություն է ձեռնարկվել։ Որոշ դեպքերում պատառիկներ են հայտնաբերվում, որի հետևից գնում ենք և տեսնում, որ բուն նյութը չկա։ Շատ բան հընթացս է պարզվում, այնպես չէ, որ գնացել ենք, ասել՝ արխիվները բերեք, բացենք»,-ասաց նա։