Search
Close this search box.

Սասուն Միքայելյանի ուղերձը

Հարգելի´ հայրենակիցներ, մարտական ընկերներ, երկրապահներ:

Շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա և մայիսյան տոների կապակցությամբ:

Մեր ժողովրդի համար մայիսը միշտ հաղթանակների ամիս է եղել: Թե´ Ավարայրի ճակատամարտը, թե´ 1918-ի Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի մայիսյան հերոսամարտերը փառքով են գրվել մեր պատմության մեջ:

Անչափ կարևորում ենք 74 տարի առաջ մեր պապերի`ֆաշիստական Գերմանիայի դեմ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, կրկնակի հպարտության առիթ է 1992-ին Շուշիի հաղթական ազատագրումն ու Արցախի Պաշտպանության Բանակի ստեղծումը:

Խորհրդանշական է, որ մայիսյան հաղթանակները հենց Երկրապահի օրով են սկսվում մեր տոնացույցում:

Այս տոնը մենք` երկրապահներս, վաստակել ենք մեր անձնուրաց պայքարով, հայրենիքի հանդեպ նվիրումով, մեր արյան ու մեր զինակից ընկերների թանկ կյանքի գնով:

Մայիսի 8-ին, փառաբանելով մեր նահատակված ընկերներին, մեզնից յուրաքանչյուրը հպարտությամբ է հիշում իր անցած պատերազմական ուղին: Այս պատերազմում մեր հաղթանակի գրավականը մեր համազգային համախմբվածությունն էր:

Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր . «Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա»:

Մենք մեր սուրբ պարտքը փառքով կատարեցինք:

Այսօր էլ հպարտությամբ ամրագրելով ազատամարտում մեր տարած փառավոր հաղթանակը` վստահորեն կարող ենք ասել, որ այո´, արդեն մենք ապրում ենք այն երկրում, որի մասին երազել է ամեն մի հայ իր կռիվը տալիս, և հանուն մեր երկրի անառիկության, հանուն ազատագրված Արցախի դարձյալ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում խաղաղություն պարտադրելու մեր թշնամիներին:

Մայիսի 8-ը նաև ստեղծարար աշխատանքով իր հայրենին շենացնող հայի տոնն է, սահմանում կանգնած հայ զինվորի տոնն է, Եռաբլուրում հանգչող մեր ընկերների տոնն է, և, վերջապես, Սպարապետի և մե′ր տոնն է:

Փա´ռք Երկրապահին ու ԵԿՄ հիմնադիր հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանին:

Մեծ խոնարհում մեր բոլոր նահատակ ընկերներին: Փա´ռք ազատամարտիկներին: Փա´ռք հայ ժողովրդին:

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ