Search
Close this search box.

Պատգամավորական մանդատի հանդեպ սրբազան սարսուռ չունենք և ամեն օր մանդատի կողքը մոմ չենք վառում. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին շրջանում, ժանրի բոլոր կանոններին համաձայն, կրկին գերակտիվացել են տարատեսակ քաղաքական սիմբիոզներ, մարտական դիրքի է բերվել ֆեյսբուքյան ավանգարդը, որոնց թիրախը Գագիկ Ծաուկյանն ու «Բարգավաճ Հայաստանն» է: Մերօրյա ավանգարդիստներին ասեմ, որ իրենք առանձնապես կրեատիվ չեն իրենց «հակաբարգավաճական» օրակարգով, որովետև իրենցից դեռ շատ առաջ, իրենց «պերվապրախոդցիները», նույն սկավառակը քանիցս պտտեցրել են:
Ուստի, միչուրինյան տարատեսակ պատվաստումների արդյունքում քաղաքական լանդշաֆտում հայտնված տարբեր գվարդիաների այսօր չեմ պատասխանելու: Վաղը` ևս: Մյուս օրը` առավել ևս:
Բայց, մի թեզի կողքով չկարողացա անտարբեր անցնել: Պարզվում է, քաղաքական նոր լանդշաֆտի որոշ շահառուներ, իրենց ֆեյքային ավանգարդով շրջանառում են թեզեր, որ ԲՀԿ խմբակցությունը հեսա-հեսա պառակտվելու է, և մեկ էլ` ինչ-որ «մանդատաթեմա» են պտտեցնում ֆեյսբուքյան առաջնագծում:
Ուրեմն այսպես` ինչքան էլ մեզ սիրեն կամ չսիրեն, մեկ բանում, վստահ եմ, որևէ մեկը չի կասկածում, որ ԲՀԿ խմբակցությունը պառակտել հնարավոր չի: Դե, ուղղակի հնարավոր չի և վերջ: Որովհետև մեր շարքերում «դեզերտիրներ» չկան:
Մանդատների մասով. ես, իհարկե, հասկանում եմ, որ կան ու միշտ էլ կլինեն մարդիկ, ում համար պատգամավորական մանդատը տվյալ մարդու ողջ բովանդակությունն է, որովհետև հենց մանդատը վրայից վերցնես` տակը տորիչելյան դատարկություն է:
Ես ու իմ ընկերները սրբազան սարսուռ չունենք պատգամավորական մանդատի հանդեպ և ամեն օր մանդատի կողքը մոմ չենք վառում: Պատգամավորի մանդատը ընդամենը գործիք է` քեզ վստահության քվե տված ժողովրդի օրակարգը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոն բերելու և լուծումներ գտնելու համար: Այնպես որ, երբևէ ինչ որոշումներ էլ կայացնենք, այդ որոշումները լինելու են միասնական, լինելու է մեր բոլորի որոշումը:
Որովհետև մենք թիմ ենք ու այլ կերպ չէր էլ կարող լինել: