Search
Close this search box.

Գրոսմայստերների բաց նամակը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի շախմատիստները բաց նամակ են ուղարկել ՀՀ վարչապետին՝ կապված Ռ.Վահանյանի դպրոցի տնօրենի մրցույթի վերաբերյալ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հարգելի՛ պարոն Փաշինյան,

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար: Ներկայումս դպրոցի տնօրեն է հանդիսանում Երևանի պատվավոր քաղաքացի, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, ում անունով էլ կոչվում է դպրոցը: Ռաֆայել Վահանյանը համարվում է հայկական շախմատի կենդանի լեգենդ, նա ԽՍՀՄ հավաքականի կազմում 1984 և 1986 թվականների համաշխարհային շախմատի օլիմպիադաների, 1985 և 1989 թվականների աշխարհի թիմային առաջնությունների, 1980, 1983 և 1989 թվականների Եվրոպայի թիմային առաջնությունների չեմպիոն է: Ռաֆայել Վահանյանը մեծ ավանդ ունի Հայաստանում շախմատի զարգացման և հանրահռչակման գործում: Հանդիսանալով իր անունը կրող դպրոցի տնօրենը՝ շարունակում է անգնահատելի ծառայություն մատուցել հայկական շախմատին: Ռաֆայել Վահանյանը մեծ հեղինակություն է վայելում շախմատային աշխարհում, դեռևս 2008 թվականին աշխարհի չեմպիոն Բորիս Սպասկու և Ռումինիայի ԱԺ նախագահի նախաձեռնությամբ Բուխարեստ քաղաքում հիմնադրվել է Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի ակադեմիան: Ռաֆայել Վահանյանը արժանացել է մի շարք պետական պարգևների՝ 1985 թվականին «Աշխատանքային արիության համար», 2001 թվականին «Մովսես Խորենացու» մեդալով, 2011 թվականի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Միակ հայ շախմատիստն է, ով արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Առաջին հայ շախմատիստն է, ում շնորհվել է միջազգային գրոսմայստերի կոչում:

Գրոսմայստերների համար մեծ անակնկալ էր նման մրցույթի անցկացումը: Ամբողջ շախմատային ընտանիքի և նրա շուրջը կանգնած մարդկանց կարծիքով, նման մրցույթի անցկացումը դիտվում է շատ բացասական: Ընդհակառակը, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ռաֆայել Վահանյանը շարունակի աշխատել և իր գիտելիքները փոխանցի ապագա սերունդներին: Մեր շախմատային ընտանիքը ուրախ է և շնորհակալ, որ Ռաֆայել Վահանյանը տնօրինում է իր անունը կրող դպրոցը և այդ մրցույթը չպետք է վերաբերվի մեր Լեգենդին, քանի որ նրա ամեն մի խոսքը, ամեն մի բացատրությունը, նրա ներկայությունը մեծ ներդրում է գալիք սերունդների զարգացման համար:

Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյան

Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյան

Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյան

Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյան

Աշխարհի թիմային չեմպիոն, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան

Աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր, գրոսմայստեր Հրանտ Մելքումյան

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Զավեն Անդրիասյան

Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Արման Փաշիկյան

Վետերանների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Մովսիսյան

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյան

Մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյան

Գրոսմայստեր Արամ Հակոբյան

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյան

Գրոսմայստեր Գևորգ Հարությունյան

Գրոսմայստեր Վահե Բաղդասարյան

Գրոսմայստեր Արման Միքայելյան

Գրոսմայստեր Տիգրան Հարությունյան

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյան

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյան