Search
Close this search box.

Ես բանտում տեսել եմ, թե ինչպես են կատվին գցել «դիսկի» մեջ և պտտել. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 2-ին, կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը` դրա դրսևորումների տարբեր ձևերով և հանգամանքներով․ «Բովանդակային առումով համաձայն լինելով սրա հետ` կարծում ենք, որ այս խնդիրը պետք է լուծել համապարփակ ձևով։ Այս պահին մշակվում է նյութական իրավունքի նորմեր պարունակող օրենք ազգային ժողովում և դրա վրա աշխատում են նաև բնապահպանության նախարարության մասնագետները»։

Նշենք, որ նախագիծը ներկայացրել են ԲՀԿ-ական պատգամավորները: Այսպիսով, կառավարությունը, դրական համարելով նախագծի գաղափարը, կարծում է, որ այն համապարփակ լուծում չի տալիս խնդրին, հետևաբար փորձելու է այդ խնդիրը լուծել սեփական նախագծի շրջանակներում:

Վարչապետը նշեց, որ գաղափարի առումով նախագիծն ընդունելի է, բայց պետք է շատ չափանիշները շատ հստակ լինեն․ «Ի վերջո խոսքը պոտենցիալ քրեական հետապնդում իրականացնելու մասին է: Որպեսզի վաղը քրեական գործ չհարուցվի մարդու նկատմամբ, ով իր ծննդյան օրվա առթիվ գառ է մորթում, այդ չափանիշները պետք է շատ հստակ լինեն, որպեսզի աբսուրդ իրավիճակների առաջ չկանգնենք»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս օրենքի ընդունումից հետո Հայաստանի Հնարապետությունում արգելվելու է նաև որսը։

Վարչապետը, Գրիգորյանի հարցին պատասխանելով, նշեց, որ չի արգելվում ոչ որսը, ոչ մատաղը․ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր կան։ Ես օրինակ քրեակատարողական հիմնարկում ականատես եմ եղել, որ կատվին գցել են դետալները մշակելու համար «դիսկի» մեջ և պտտել: Ինձանից մեծ ջանքեր պահանջվեց այդ կատվին այդտեղից փրկելու համար։ Ցավոք սրտի, այդպիսի դաժան ենթամշակույթ կա որոշ տեղերում և դրա դեմ պետք է պայքարել։ Այդ թվում, հնարավոր է նաև կենդանիների ապօրինի կռիվներ կազմակերպելն այդ կատեգորիայի տակ մտնի, կամ օրինակ երբեմն կենդանիներին ուղղակի զվարճության համար հրաձգարանի թիրախ են դարձնում»։

Փաշինյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ համացանցում տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես են ավանակին գցել գիշատիչ կենդանու վանդակը, և դրա շուրջ մեծ զվարճություն էր կազմակերպվել․ «Ես այդ տեսանյութը չեմ տեսել, բայց դրա շուրջ մեծ զվարճություններ էր կազմակերպվել։

Կառավարությունը ԲՀԿ-ականների նախագիծը չընդունեց՝ հավանության արժանացնելով նախարար Զեյնալյանի առաջարկությունը՝ կառավարության նախագծի շրջանակներում հարցին լուծում տալու մասին: