Search
Close this search box.

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դուրս է եկել էթիկայի սահմաններից. Դատախազություն

Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը այսօրվա ասուլիսի ժամանակ ակնհայտորեն դուրս է եկել պատշաճության և էթիկայի սահմաններից։ Այս մասինհայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանի գրառումն ամբողջությամբ ներայացնում ենք ստորեւ.

«Այսօր ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ (պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի և նրա պաշտպանների ասուլիսի ընթացքում փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ակնհայտորեն դուրս գալով պատշաճության և էթիկայի սահմաններից, իրեն թույլ է տվել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ոչ կոռեկտ արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն պրոֆեսիոնալ իրավաբանին, այլև բարեկրթության տարրական կանոններին տիրապետող ցանկացած անձի:

Հարգելի գործընկերոջը հիշեցնում ենք, որ հրապարակային ելույթներում զգացմունքային զեղումներով համեմված անհիմն պնդումներով հանդես գալը որևէ աղերս չունի փաստաբանի կողմից իր պաշտպանյալի իրավունքները օրենքով նախատեսված բոլոր միջոցներով պաշտպանելու սկզբունքի և պրոֆեսիոնալիզմի հետ: Ուստի հորդորում ենք նման ցածրորակ միջոցներով հանրային կարծիքը գլխավոր դատախազի դեմ ուղղորդելու փորձերի փոխարեն զբաղվել իր իրավասությունների ու գործառույթների շրջանակում իր վստահորդի շահերի իրական պաշտպանությամբ»: