Search
Close this search box.

«Որ պահին քաղաքական գործիչը խռովում է ժողովրդից, անդառնալիորեն լքում է հաջողության ուղեծիրը». Միքայել Նահապետյանը՝ Շարմազանովին

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ վերջին տեսանյութը, որ նայել էի 2018թ. ապրիլի 2-ին Եռաբլուրում տված հարցազրույցն էր, որտեղ ասում էր՝ «հարյուր հազարավոր մարդիկ ի՞նչ են անելու, հո Նովգորոդի վեչյեն չի` կա Սահմանադրություն, կա պառլամենտ, որը ընտրելու է վարչապետին»։ Երեկ տեսա, որ ասել է՝ «ի՞նչն են նշում, որ մեզ քֆուր են տվե՞լ»։ Քաղաքական գործչին ամենաչսազական որակը խռովկանությունն է` առավել ևս ժողովրդից խռովելը։ Հիմա, երբ լսում եմ ժողովրդից խռոված ուժերին, հասկանում եմ, որ Հայաստանում էպոխա է ավարտվել՝ ժողովրդի հետ գործ բռնել չցանկացող գործիչների էպոխան։ Որ պահին քաղաքական գործիչը խռովում է ժողովրդից, անդառնալիորեն լքում է հաջողության ուղեծիրը, որովհետև ժողովրդից խռոված քաղաքական գործիչը կասկածի տակ է դնում ժողովրդի, սուվերենի` ճշմարտությունը որոշելու իրավունքը։ Միլիոնավոր դրամներ կամ դոլարներ են ծախսվում քարոզչական այն գիծն սպասարկելու համար, թե, իբր, «հիմար ամբոխը հաղթեց իմաստուն էլիտաներին»։ Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։ Եթե նույնիսկ պարզվի, որ այս կառավարությունը բոլոր նախորդներից ավելի սարսափելի է` դա ոչ մի բան չի ասում ժողովրդի իմաստնության մասին։ Եվ, եթե որպես կառավարող ուժ իրենց սխալներից դասեր չքաղելուն զուգահեռ հանրապետականները նաև որպես ընդդիմություն են կրկնելու Հայաստանի բոլոր ընդդիմությունների սխալները, «ծախված ժողովրդի» մասին լոլոները, ապա բացի քաղաքական դաշտն անիմաստ թույնով ու աղմուկով լցնելուց ուրիշ ոչինչի չեն հասնելու։ Նիկոլ Փաշինյանը հաղթեց, որովհետև նախորդ տարվա ապրիլի 11-ին ժողովրդից ներողություն խնդրեց իր տված սխալ գնահատականների համար։ Հեղափոխությունն առաջինը տեղի ունեցավ իր ներսում։ Նա հաղթեց ժողովրդից խռոված Նիկոլին։ Չգիտեմ՝ սա կհասկացվի, թե չէ»։