Search
Close this search box.

12 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալը նաև ջրադուլ է հայտարարել

Forrights.am-ը գրում է. Շուրջ 12 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Արկադի Պապյանը երեկվանից նաև ջրադուլ է հայտարարել: Դատապարտյալն իր իսկ «պատիժը» խստացրել է, պատճառաբանելով՝«վերևից հրահանգ է եղել իր գլխին սարքել»:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արկադի Պապյանը հացադուլ էր հայտարարել՝ բողոքելով իր դեմ կատարվող անօրինությունների շուրջ: Դաատապարտյալը պնդում է, որ Գլխավոր դատախազությունը կրկին «վերհիշել» է իր վրա «կարված մեղադրանքի» մասին և ուզում է նորից մեղսագրել իրեն:

Նախ սկզբից. 2018 թվականին արդեն իսկ անազատության մեջ գտնվող Արկադի Պապյանին մեղադրեցին «Վանաձոր» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանին իր մարդկանց միջոցով մի քանի ամիս շարունակ 250-300 հազար դրամ փոխանցելու համար, ինչի դիմաց նա, ըստ ՀՔԾ հաղորդագրության, արգելված իրեր, թմրանյութեր, ալկոհոլ մտցնելու, ինչպես նաև բջջային հեռախոսից, ինտերնետից ազատ օգտվելու, «ղումար» խաղալու իրավունք է ստացել: Պապյանը, սակայն հենց սկզբից էլ չի ընդունել մեղսագրվող արարքը և ի նշան բողոքի, անժամկետ հացադուլ հայտարարել:

Հացադուլի 40-րդ օրը, երբ Պապյանի առողջական վիճակն արդեն ծայրահեղ ծանր էր, երրորդ անգամ նրան այցելում են Գլխավոր դատախազությունից: Նրանք դատապարտյալին խոստանում են օբյեկտիվ քննություն իրականացնել և պարզել հանգամանքները. Պապյանը դադարեցրեց հացադուլը:

Այսօր դատապարտյալը կրկին իր առողջության հաշվին պայքար է սկսել անարդարության դեմ: Դատախազությունից Forrights-ին հայտնում են որ հացադուլի չորրորդ օրը Պապյանին են այցելել և զրուցել նրա հետ.

«Արկադի Պապյանը կրկին պնդել է քրեական գործով իր անմեղությունը և պահանջել դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը: Հարցման արդյունքները և Ա. Պապյանի դժգոհությունները փոխանցվել են նրան առնչվող քրեական գործով մեղադրող դատախազին: Արկադի Պապյանին ներկայացվել են նաև նրա մեղադրանքի համար հիմք հանդիսացած՝ համապատասխան ցուցմունքները, ինչպես նաև իրականացված գաղտնալսումների արդյունքները և նրան հավաստիացվել է, որ հետագա քննության ընթացքում ուսումնասիրության առարկա կդարձվեն իր նկատմամբ մեղադրանքի ապացուցողական հիմքը կազմող փաստական հանգամանքների վերաբերյալ Արկադի Պապյանի կողմից ներկայացվելիք առարկությունները»,- Forrights-ի հետ զրույցում պարզաբանեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: