Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շրի Լանկայում տեսախցիկը ֆիքսել է ահաբեկչության ենթադրյալ իրականացնողին

Sky News hեռուստաալիքը հրապարակել է տեսահսկման համակարգի տեսախցիկների արձանագրած տեսագրությունը, որում ներկայացված է ապրիլի 21-ին Շրի Լանկայում արյունալի ահաբեկչությունների շարքի ենթադրյալ իրագործողներից մեկը:

Տեսագրությունն արվել է Սուրբ Սեբաստիան եկեղեցու տարածքում պայթյունից մի քանի վայրկյան առաջ:

Դրանում երևում է՝ ինչպես է մեծ ուսապարկով երիտասարդը դեպի եկեղեցի քայլում: Երբ նա մտնում է շինություն, տեսագրությունն ընդհատվում է:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած և 321 մարդու կյանք խլած պայթյունների շարքի իրականացման պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ խմբավորումն իր պատասխանատվության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչություններն իրականացվել են Շրի Լանկայում գործող National Thowfeek Jamaath գրոհայինների խմբի կողմից: Բոլոր պայթյուններն իրականացրել են Շրի Լանկայի քաղաքացի հանդիսացող մահապարտներ, սակայն իշխանությունները չեն բացառել նաև օտարերկրյա կապերի առկայությունը:

Անցած կիրակի Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ ութ պայթյուն է որոտացել: Դրանցից առաջին վեցը տեղի են ունեցել Կոլոմբո, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների երեք տաճարում և հյուրանոցներում: Յոթերորդ պայթյունը տեղի է ունեցել կղզու արևմտյան հատվածում, իսկ ութերորդը՝ երկրի մայրաքաղաքի արվարձաններից մեկի բնակելի համալիրում:

Եվս մի ռումբ վնասազերծել են իրավապահները: Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել: Ոստիկանությունը ձերբակալել է 40 կասկածյալի: