Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլխավոր դատախազը նոր տեղեկություններ է խոստանում Դավիթ Սանասարյանի մասով

Նոր բան չունեմ ասելու, էքստրադիցիոն բնական գործընթացի մեջ ենք, չունենք որևէ այլ նորություն, որի մասին հանրությանը ներկայացնելու անհրաժեշտություն կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ խոսելով Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին:

Գլխավոր դատախազը խոսել է նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի մասին, ով որպես կասկածյալ է ներգրավվել քրեական գործում. «Դուք տեղյակ եք, որ ՊՎԾ աշխատակիցների առնչությամբ քրեական գործ է քննվում, նաև քրեական հետապնդումներ են իրականացվել: Այդ գործով նախաքննությունը շարունակվում է: Բնականաբար բոլոր վարկածներն են ստուգվում: Թույլ տվեք այս պահին ձեր հարցին ուղիղ պատասխան չտալ՝ խոստանալով, որ առաջիկայում ավելի համապարփակ տեղեկատվություն հանրությանը կտրամադրվի: Այս պահին ավելին չեմ կարող ասել, որովհետև նախաքննության շահն է պահանջում: Անհրաժեշտ պահին տեղեկատվություն կտանք, դա ուշ չի լինի»:

Հարցին, թե հերքում է արդյո՞ք տեղեկությունը, որ քրեական հետապնդում է իրականացվել Սանասարյան նկատմամբ, դատախազն ասաց, որ այս պահին ավելին չի կարող ասել:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է, որ միջնորդություն ներկայացվի Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին, Գլխավոր դատախազն ասաց, որ տեսականորեն կպատասխանի. «Այն դեպքերում, երբ հանրային ծառայողի նկատմամբ կիրականացվի քրեական հետապնդում և հիքմեր կլինեն, որ նա, շարունակելով պաշտոնավարումը, կարող է խոչընդոտել քննությանը, դատախազությունը որոշում կկայացնի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ»: