Search
Close this search box.

«Պատասխան տալու եք հաստատ». Արփինե Հովհաննիսյանը՝ Դավիթ Անանյանին

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի քանի դիտարկում. Ինչով պետք է զբաղվի ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը, իսկ ինչով՝ ոչ:

2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՊԵԿ-ը ներկայացրել եւ հիմա էլ լրամշակում է փոփոխությունների նախագիծ, որով ցանկացած ՀԿ պետք է հրապարակի օրենքով սահմանված հաշվետվությունը, մինչդեռ գործող կարգավորմամբ նման պարտականություն ունեն միայն հանրային միջոցներից ֆինանսավորվող ՀԿ-ները։

2016 թվականին որպես այն ժամանակ գործող արդարադատության նախարար օրենքը ներկայացնելիս ունեի հստակ նպատակ՝ ավելի ազատական կարգավորումներ նախատեսել ՀԿ-ների գործունեության համար։

Այդ կարգավորումները ոչ միայն ազատական էին, այլ իրենցից ներկայացնում էին եռամակարդակ կոնսենսունս, քանի որ նախագիծը ստեղծվել էր պետություն-միջազգային կազմակերպություններ-քաղաքացիական հասարակություն սերտ համագործակցությամբ։

ՊԵԿ-ի ներկայիս քաղաքականությունը այդ պատճառով համարում եմ ուղղակի միջամտություն ՀԿ-ների գործունեությանը, ինչի մասին տեղեկացնելու եմ մեր միջազգային գործընկերներին։

Այդ պատճառով «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը նույնպես միանում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ 102 հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների՝ հիշյալ կարգավորումների վերաբերյալ դիմում-դիրքորոշմանը։

Միեւնույն ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հորդորում եմ ՀԿ-ների գործունեությանը միջամտելու փոխարեն զբաղվել ավելի օգտակար գործունությամբ, օրինակ՝

• Հորդորեք Ձեր տեղակալին գիշերները չզանգել մաքսատների ղեկավարին եւ սրտի ուզած մեքենաները բաց թողնելու հրամաններ չարձակել (այո, կոռուպցիան իսպառ «վերացել է)

• Մյուս տեղակալին հորդորեք, որ օպերատիվ -հետախուզական միջոցառման անվան տակ ԿԲ-ի Ֆինանսական դիտարկումների կենտրոնից բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություններ չվերցնի։ Պատասխան տալու եք հաստատ։

• Նույն տեղակալին հորդորեք, որ տնտեսվարողիներին չկանչի իր մոտ ու մաքուր թուղթ տալով, չպահանջի գրել «մուծվելիք» գումարի չափը

• Հիշեցում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է ՝ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը»։ Եվ ուրեմն մյուս իրավապահ մարմիններին մի խառնեք ու մի հանձնարարեք, օրինական չէ։

Առայժմ այսքանը։ Ցանկը երկար է: Հետեւողական եմ լինելու, որ վարչապետի ու ձեր հնչեցրած կեղծ տվյալներն ու թվերը հիմնավորելու համար մարդկանց վրա շինծու գործեր չսարքեք»: