Search
Close this search box.

Ո՞վ է 55,000 դրամ ծախսող իշխանավորը

Սահմանադրությամբ ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետությունում օրենքների նախագծերը մշակվում, քննարկվում և ընդունվում են Ազգային Ժողովի կողմից: Վերջինս ձևավորվում է ժողովրդի կողմից, և բնականաբար պետք է ենթադրել, որ ԱԺ-ի կողմից ընդունած ցանկացած օրենք պետք է լինի բանականության և բարոյականության սահմաններում, որպեսզի հասարակության ամեն մի անդամ իրավունքների և պարտականությունների կատարման մասում չտեսնի դիսբալանս:
Յուրաքանչյուր օրենքի ընդունում պետք է նպաստի օրենսդրական դաշտի կատարելությանը և իր նպաստը բերի իրավական պետության ամրապնդմանը:
Ահա այս առումով առանձնակի ուշադրության է արժանի «Նվազագույն ամեսկանա աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի փիլիսոփայությունը, նրա հաշվարկման մեթոդաբանությունը և կիրարկման արդյունավետությունը:
ԱԺ-ի պատգամավորները ապրում են բարեկեցիկ կյանքով, ունեն բիզնեսներ և բնականաբար նվազագույն ամեսական աշխատավարձի հույսին չեն, և այդ ուղղությամբ իրենց մտքերը առանձնապես չեն ծանրաբեռնում:
Հակառակ պարագայում կհաշվարկեին, թե ինչպես կարող է աշխատող քաղաքացին գոյատևել ամսեկան 55000 դրամով: Ստացվում է այնպես, որ տվյալ անձը օրեկան պետք է ծախսի ոչ ավել, քան 1833 դրամ: Այստեղ հաշվարկված չէ պարտադիր կոմունալ ծախսերի վճարումը: Իսկ եթե հաշվարկը փորձենք առավել ճշգրիտ դարձնել` տրանսպորտային ծախս, հաց, ապա կստացվի, որ ոչ միայն նվազագույն աշխատավարձի հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ չէ ընտրված, այլ նաև բանականությունն է բացակայում…:
Դժվար է գտնել մի իշխանավորի, օրենք ընդունող մի պատգամավորի, որը կարող է հանրապետությունում գործող նվազագույն ամսեկան աշխատավարձի գումարը` 55000 դրամ մեկ օրում ծախսել և իրեն բավարարված զգալ:
Պարոնա՛յք օրենսդիրներ, օրենքներ ընդունելուց առաջ մի փոքր կշռադատեք, թե ինչ եք անում:
Չի՛ կարելի կոճակ սեղմելով նվազագույն աշխատավարձի մասին օրենք ընդունել:
Նվազագույն ամեսական աշխատավարձի մասին օրենքը մարդու կենսագոյության մասին օրենք է, պետք է ուշադիր լինել և սթափ վիճակում գնահատել իրականությունը:
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ