Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հայտնաբերվել է մարտին ձնահոսքի տակ մնացած ադրբեջանցի զինծառայողի դին

Ապրիլի 14-ին, Ադրբեջանի Ղազախի շրջանի Յուխարը Սալահլը գյուղում անցկացվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Աբդուլլաև Հաֆիզ Մահադ օղլուի (Abdullayev Hafiz Məhəd oğlu) թաղումը, գրում է Razm.info-ն։

Այս մասին գրում է «Սպուտնիկ» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը, նշելով, որ զինծառայողը մահացել էր մարտի սկզբին՝ ձնահոսքի տակ ընկնելով։

Զինծառայողի լուսանկարից հայտնի է դառնում, որ վերջինս ծառայում էր Ադրբեջանի ԶՈւ երրորդ կորպուսում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն մարտի 7-ին հայտնում էր, որ ենթասպա Աբդուլլաև Հաֆիզ Մահադ օղլուն (Abdullayev Hafiz Məhəd oğlu) և պայմանագրային, շարքային Մամեդով Ֆարուխ Ֆարման օղլուն (Məmmədov Fərrux Fərman oğlu) մնացել են ձնահոսքի տակ:

Միջադեպի վայրը չէր նշվում, սակայն, հաշվի առնելով եղանակային պայմանները, Ռազմինֆոն ենթադրել էր, որ դեպքը տեղի է ունեցել Նախիջևանի բարձրադիր դիրքերում, կամ Օմարի լեռնաշղթայի հատվածում: Նշենք, որ ձնահոսքի տակ մնացած մյուս զինծառայողը, ամենայն հավանականությամբ, ևս մահացած է, սակայն այդ մասին դեռ տվյալներ չկան։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 10 կորստի մասին։ Իսկ 2019թ. հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ հայտնի դարձած կորուստների մասին կարող եք կարդալ այստեղ։