Search
Close this search box.

Մեր ժողովրդին պետք չէ ոչ մի խաղաղության նախապատրաստել, մենք առանց այդ էլ նախապատրաստված ենք. Արման Աբովյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԵԽԽՎ-ում հնչեցրած ելույթին, մասնավորպես հայկական կողմից տարվող խաղաղության թեզին, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը գնահատական տալ չի շտապում: Փոխարենը հիշեցնում է, որ ԲՀԿ-ն առաջարկով դիմել է ԱԺ նախագահին` անցկացնելու Արցախյան հակամարտության հարցով փակ լսումներ, որին կմասնակցեն բոլոր խմբակցությունները, ինչպես նաև ներկայացուցիչներ Արցախից:

«Իհարկե գոյություն ունի նույն բանակցությունների փակ ֆորմատ, բայց կա որոշակի հարցերի ցանկ, որն անպայման պետք է քննարկվի։ Կարևոր է հասկանալ, թե որ ուղղությամբ պետք է շարժվել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով ժողովուրդներին խաղության նախապատրաստելու հայտարարություններին` Արման Աբովյանը նշեց, որ մինչ օրս ընդգծվել է, որ այդ թեզն ավելի շատ վերաբերում է ադրբեջանական կողմին։

«Ուստի պետք է ասել, որ ոչ թե ժողովուրդներին պատրաստեն խաղաղության, այլ ադրբեջանական ժողովրդին նախապատրաստեն խաղաղության, որովհետև համոզված ենք, որ մեր ժողովրդին պետք չէ ոչ մի խաղաղության նախապատրաստել, մենք առանց այդ էլ նախապատրաստված ենք»,-ասաց նա։

Աբովյանը նշեց, որ խնդիրը նրանում է, որ խաղաղության թեզը միակողմանի է առաջ տարվում, քանի որ Ադրբեջանի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում այդ կոչին, փոխարենը` մշտապես ռազմատենչ հայտարարություններ են հնչեցնում։

«Ես առիթ եմ ունեցել մի քանի անգամ ասել, որ, չգիտես ինչու, այդ մեսիջները գնում են հիմնականում մեր կողմից: Կարելի է անձանագրել, որ Ադրբեջանն ընդհանրպես չի պատրաստվում նախապատրաստել իր ժողովրդին խաղաղության, որովեհտև այդ պետությունն իր բոլոր խնդիրների հիմքում դրել է հայերին ոչնչացնելն ու ատելություն սերմանելը:

Չմոռանանք, որ Ադրբեջանը մի պետություն է, որը ստեղծվել է հայերի և այլ բնիկ ազգերի արյան վրա»,-ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ վերջին շրջանում խաղաղության օրակարգը մեր ադրբեջանցի գործընկերներին և հանրությանը ներկայացնելը մեր ամենակարևոր անելիքներից մեկն է։ Ըստ Փաշինյանի՝ այդ համատեքստում կարևոր քայլերից մեկը բանակցային ֆորմատի լիարժեքության վերականգնումն է և Արցախի լիարժեք վերադարձը բանակցային սեղանին։