Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է կաշառքի վրա բռնված փոխնախարարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` զբաղեցրած պաշտոնից ազատվել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը, որը 2019 թվականի մարտի 30-ին ձերբակալվել էր իր աշխատասենյակում կաշառք վերցնելու պահին և այժմ կալանավորված է այդ փաստով հարուցված գործով:

Հրապարակված որոշումը հիմնավորվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ նախարարի տեղակալին վարչապետը պաշտոնից ազատում է նախարարի առաջարկությամբ:

Արսեն Դավթյանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը դեռ ավարտված չէ, նրա նկատմամբ չկա վերջնական իրավական ակտ, ինչը նշանակում է, որ այս պահին դեռ նրա մեղքն ապացուցված չի համարվում:

Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Արսեն Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:

ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն` քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ ունենալով ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորումը, կաշառքով փորձել է նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ:

Կաշառք տալու մեջ կասկածվող տնօրենի նկատմամբ, հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Փոխնախարարին կաշառած տնօրենն ամենայն հավանականությամբ Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն է, քանի որ ԱԱԾ-ի մարտի 30-ին տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Արսեն Դավթյանի ձերբակալման օրը բերման է ենթարկվել նաև Ռազմիկ Աբրահամյանը: