Search
Close this search box.

ՊԵԿ-ը շատ ծանր է տարել Ծառուկյանի հայտարարությունը և սկսել Մուլտի Գրուպում «ոստիկանական» օպերացիա իրականացնել

Արդեն մի քանի օր է բոլոր լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը հեղեղված են այն տեղեկատվությամբ, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններում լայնածավալ ստուգումներ են իրականացվում:
Իհարկե այն, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող, բայց հավատարմագրային կառավարման հանձնված գրեթե բոլոր բիզնեսներում հավերժական ստուգումները մշտական բնույթ են կրում ոչ մեկի համար էլ նորություն չէ, սակայն հետաքրքիր զուգադիպությամբ այդ ստուգումները ակտիվանում են ամեն անգամ, երբ Ծառուկյանը իշխանությունների հասցեին որոշակի քննադատություն է հնչեցնում:

Իհարկե նախորդ իշխանությունների դեպքում սա արդեն օրինաչափ էր, և ոչ ոք սրա վրա չէր էլ զարմանում, քանի որ նորմալ էր, որ իշխանությունները ցանկացած տեսակի քննադատությունից հետո Ծառուկյանից սկսում էին վրեժխնդիր լինել իրենց ձեռքի տակ եղած լծակների օտագործմամբ, բայց որ Նոր Հայաստանում էլ է այդ գործելաոճը շարունակում կենսունակ մնալ, դա արդեն նորություն է:

Իհարկե մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Ծառուկյանի քննադատությունը միանգամայն կառուցողական էր և տնտեսագիտական տեսանկյունից որևէ մեկը չի կարող վիճարկել ԲՀԿ նախագահի ասածների ճշմարտացիությունը, բայց որ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ շատ ծանր են տարել այդ քննադատությունն ու փորձում են լայնածավալ ստուգումների միջոցով վրեժխնդիր լինել Ծառուկյանից, դա արդեն ակնհայտ է:
Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ պետք է հարկային արտոնություններ տրվեն փոքր ու միջին բիզնեսին, որ մեր երկրի տնտեսության ողնաշարը հենց փոքր ու միջին բիզնեսն է, որոնց պետք է տրվեն արտոնություններ, որպեսզի տնտեսության ողնաշարն ուղղվի և չգիտես ինչու ՊԵԿ-ը շատ ծանր է տարել ԲՀԿ նախագահի այս հայտարարությունը և Դավիթ Անանյանը պարզապես սևեռվել է Մուլտի Գրուպ կոնցեռնի կազմում գտնվող մի քանի տասնյակ ընկերություններում ստուգումներ անցկացնելու գաղափարի վրա:

Եվ ստուգումներն էլ անցկավում են այնպես, կարծես թե ինչ որ լուրջ ոստիկանական օպերացիա է իրականացվում: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 50-ից ավել աշխատակիցներ միանգամից լցվում են Մուլտի Գրուպի հիմնարկներ ու համատարած վախի մթնոլորտում սկսում ինչ որ գործողություններ իրականացնել:

Իհարկե այստեղ նաև առկա է մեդալի հակառակ կողմը, երբ նույն ստուգումներն իրականացնողները փորձում են հաճոյանալ իշխանություններին, թե տեսեք տեսեք մենք ոնց ենք հարձակվել այն մարդու վրա, ով համարձակվել է թթու խոսք ասել կառավարության հասցեին, սակայն այս ամենը առավել քան ծիծաղելի է, որովհետև երբ այդ ստուգումները ոչինչ չբացահայտեն, հենց իրենք են հայտնվելու ծիծաղելի իրավիճակում:

Ի վերջո նույն ՊԵԿ պատասխանատուները՝ Դավիթ Անանյանի գլխավորությամբ պետք է հասկանան, որ վաղուց անցել են այն ժամանակները, երբ երկրի իշխանություններին ամեն գնով հաճոյանալու և դրանով ինչ որ դիվիդենտներ շահելու հաճույքը շատ կարճ է տևելու, քանի որ ճշմարտությունը վաղ թե ուշ պարզ է դառնալու և այդ ժամանակ արդեն հետևանքները հենց իրենց համար կարող են անդառնալիորեն ցավալի լինել:
Այնուամենայնիվ, երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո խելամիտ մարդկանց ուղեղներում ու գիտակցության մեջ էլ պիտի փոփոխություններ լինեին, պիտի հասկանային, որ ոչինչ այլևս առաջվանը չէ, որ նախկինում աշխատած մեթոդներն այլևս չեն գործում: Բայց ինչպես ասում են, անիմաստ է հույս դնել նրանց բարոյականության կամ գիտակցական հասունության վրա: Չնայած այս դեպքում բարոյականությունից խոսելը նույնիսկ ավելորդ է, քանզի իրենց ուզածին ցանկացած գնով հասնելու մոլուցքով տարված նմանատիպ մարդկանց համար չկա առավել կարևոր բան, քան անգամ բոլորին տրորելու հաշվին սեփական ամբիցիաները բավարարելն ու նպատակին հասնելը՝ նույնիսկ եթե այդ ճանապարհին կարող են գետնին հավասարվել անգամ սեփական պատիվն ու հեղինակությունը: