Search
Close this search box.

«Սուրբ Հարության» տոնին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի

«Սուրբ Հարության» տոնին ընդառաջ հավկիթի գների հնարավոր թանկացումը թեև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կարգավորման տիրույթում չէ, այդուհանդերձ գնաճը կարող է հանգեցնել նաև շուկայում առկա ձվի դեֆիցիտի: Արդյո՞ք կան ձվի համապատասխան կուտակումներ՝ տոնի պահանջարկով արտահայտվող դեֆիցիտը բավարարելու համար, ի՞նչ ժամանակահատվածում են կուտակվել ձվերը, արդյո՞ք դրանք պիտանի են որպես սեղանի ձու օգտագործելու համար… Այս, ինչպես նաև ձվի ներմուծման հետ կապված խնդիրներից խուսափելու նպատակով, Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել քննարկում ձու արտադրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Ճիշտ է, շուկայոււմ հավկիթի գնի վերահսկողությունը մեր գործառույթը չէ, բայց մեր անհանգստության առիթներից մեկը մեր գյուղատնտեսության, թռչնաբուծության անվտանգ զարգացումն է: Կարևորում եմ ժամանակ առ ժամանակ նման հանդիպումներ ունենալը, խնդիրները քննարկելը և հնարավոր լուծումների շուրջ համատեղ համաձայնության ձեռքբերումը»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն ու ձվի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները բարձրաձայնել են, որ իրացման ցանցում շատ հաճախ հայտնվում են կեղտոտ, անհայտ ծագման, «տնական ձվի» անվան տակ և ավելի մատչելի գնով վաճառվող առանց մակնշման հավկիթներ: Տնտեսվարողներն առաջարկել են իրենց աջակցությունը՝ իրացման կետերում շրջայցեր կատարելու և հայտնաբերված խախտումների մասին լիազոր մարմնին տեղեկացնելու միջոցով, ակնկալելով, որ Տեսչական մարմինը, հետագծելիությամբ կպարզի այդ հավկիթների ծագումը և կկասեցնի վաճառքը:

Թռչնարտադրողների միության ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը վստահեցրել է, որ «Սուրբ Հարության» տոնին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի և դեկտեմբեր ամսին թույլ տրված բացթողումները, որոնք հիմնականում եղել են տեխնիկական բնույթի, այս անգամ հնարավորինս կբացառվեն:

ՍԱՏՄ ղեկավարը նաև առաջարկել է տարեկան երկու անգամ, արտադրողի միջոցների հաշվին, բոլոր ընկերությունների թռչնամիսը և ձուն ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ դրանցում հակաբիոտիկների և հորմոնների առկայությունը ստուգելու նպատակով: Նախաձեռնությանը տնտեսվարողներն արձագանքել են ոգևորությամբ և պատրաստակամորեն: