Search
Close this search box.

Դատախազությունը ստուգել է Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականին առնչվող քրեական գործի օրինականությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականի կողմից փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը դատախազությունն այսօր՝ ապրիլի 9–ին, ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա նշեց, որ դատախազի կողմից ստուգվել է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի հիմնավորվածությունն ու օրինականությունը, համարվել է, որ որոշումը վերացնելու հիմքեր չկան:

Նշենք, որ ապրիլի 5-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շտապել էր հայտարարել, որ քրեական գործի վարույթը փոխանցվել է Քննչական կոմիտե: ՔԿ-ից , սակայն հայտնել էին, որ նման գործ իրենց մոտ դեռևս չի քննվում:

Ի դեպ՝ մինչ այս պահը իրավապահ կառույցները խուսափում են հնչեցնել կասկածյալի անունը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին իր ֆեյսբուքյան գրառում էր արել` նշելով, որ իր ցուցումով իր ազգականի ենթադրյալ չարաշահման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ», – նշել էր նա՝ չմանրամասնելով, թե ում մասին է խոսքը։