Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նաիրա Զոհրաբյանը կանոնակարգով սահմանված իր բոլոր գործառույթներն իրականացրել է հավուր պատշաճի». Ի. Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն այսօր՝ ապրիլի 9-ին, կարճ փակ նիստ է արել, որտեղ քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը տրանսգենդերի ելույթի եւ Նաիրա Զոհրաբյանի արձագանքի հետ կապված միջադեպին:

Նիստից հետ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «ԲՀԿ-ն քաղաքական պատասխանատվություն է ստանձնել ԱԺ երկու հանձնաժողովների մասով: Այսօր դրանցից մեկը ղեկավարում է Նաիրա Զոհրաբյանը եւ մեր քաղաքական թիմի ու քաղխորհրդի գնահատականով՝ նա ունի անհրաժեշտ բոլոր մասնագիտական որակները, որպեսզի իրականացնի կանոնակարգով իրեն սահմանված գործառույթները»:

Իվետա Տոնոյանը նշեց, որ իրենք ծանոթ են վարչապետի հայտարարությանը, սակայն կարծում են, որ այստեղ կա՛մ տեղեկատվության թյուրըմբռնում կա, կա՛մ վարչապետն ամբողջությամբ չի տիրապետում ինֆորմացիային:

«Նաիրա Զոհրաբյանը կանոնակարգով սահմանված իր բոլոր գործառույթներն իրականացրել է հավուր պատշաճի։ Մասնավորապես՝ նա այդ անձնավորությանը հրավեր չի ուղարկել եւ վերադառնալուն պես առարկայական ապացույցներ կներկայացնի։ Այս փաստաթուղթը, որը նախօրեից շրջանառվում ու թմբկահարվում է խորհրդարանում եւ վարչապետը եւս մատնանշեց, ընդամենն անվտանգությանը տրամադրված հասարակական կազմակերպություններ ցանկն է, որոնք գրանցվել են օնլայն հարթակում, որոնք ցանկացել են մասնակցել: Նաիրա Զոհրաբյանի կողմից որեւէ հրավեր չի եղել»,- ասաց նա։

Տոնոյանը շեշտեց, որ Նաիրա Զոհրաբյանը, որպես նիստը վարող անձնավորություն, հավուր պատշաճի է իրականացրել իր գործառույթները․ «Նա չի ընդհատել ելույթը, դրանից հետո նոր միայն մատնանշել է, որ ելույթն օրակարգից դուրս թեմայով էր ու ասել էր, որ դա անհարգալից վերաբերմունք է լսումների օրակարգին ու դահլիճում նստած անձանց նկատմամբ»:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ում կան պատգամավորներ, որոնք հայտարարում են, թե բոլորը չէ, որ հավասար իրավունքներ ունեն, արդյոք ԱԺ պատգամավորը նման կարծիք կարո՞ղ է ունենալ, Իվետա Տոնոյանն ասաց․ «Կարծում եմ՝ ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր պարտավոր է ունենալ սեփական կարծիք: Ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժի դիրքորոշմանը, ասեմ, որ ԲՀԿ-ն ազգային արժեհամակարգը պաշտպանող է»։

Դիտարկմանը, թե ստացվում է, որ մարդու իրավունքներն անտեսվում են, պատգամավորն արձագանքեց, թե իրենք այս խնդիրը չեն դիտարկում մարդու իրավունքների համատեքստում. «Մարդու իրավունքների պաշտպանության հարց այստեղ չենք դիտարկում, որեւէ սահմանափակման հարց չենք դիտարկում, կամ տրասնգենդերներ լինել- չլինելու հարց չենք քննարկում։ Եթե լիներ այլ օրակարգով քննարկման հանրային պահանջ, ապա կլինի քննարկում»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Իսկ ուղիղ տրված հարցին, թե կիսո՞ւմ է իրենց խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, որ ոչ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, Տոնոյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Ծանոթ չեմ նրա ասածին, կծանոթանամ նոր կպատասխանեմ»: