Search
Close this search box.

Մայիսի 1-ից սեղմված գազը կվաճառվի կգ-ով. նախագիծն ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է գազի վաճառքի կարգը վերանայելու վերաբերյալ Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Համաձայն դրա, մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմված գազը վարորդներին կվաճառվի ոչ թե խմ-ով, այլ կգ-ով։

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտարարել էր, որ սա վարորդների իրավունքները պաշտպանելու համար է, քանի որ խմ-ով գազը վաճառելու դեպքում լցակայաններում թերակշռում են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԳԼՃԿ-ներում գազի գնի բարձրացման վերաբերյալ ահազանգերին. նա Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին առաջարկել է պարզաբանել ստեղծված իրավիճակը:

«Գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկով գազի խտությունը եղել է 7.1 խմ, բայց վերջին երեք-չորս օրվա ընթացքում «Հայռուսգազարտից» գազի միջին խտությունն աճել է դառնալով 7.9 խմ: Հետևաբար տնտեսվարողներն համապատասխան ծրագրային փոփոխություններ պետք է անեին, որը չեն արել, արդյունքում սպառողներն ավելի են վճարել», – ասել է Կոտոլյանը:

Նա նշել է, որ իր ղեկավարած տեսչական մարմինը զգուշացրել է տնտեսվարողներին ամեն օր փոփոխություն կատարել իրենց դիսպենսերներում և խտության ճիշտ ցուցմունք տեղադրել, որպեսզի սպառողները ստիպված չլինեն ավելի շատ գումար վճարել: