Search
Close this search box.

«Կամուրջ» ՈՒՎԿ կառավարումը զավթվել է Արթուր Ջավադյանի և Վարդան Արամյանի ջանքերով. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն վարչապետ

Մոտ 14 մլրդ դրամ ակտիվներով, ավելի քան 270 աշխատող ունեցող, երբեմնի մոտ 750 մլն դրամ տարեկան շահութաբերությամբ և խոշորագույն հարկ վճարողների շարքում դասված մասնավոր կազմակերպության՝ Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի և վերջինիս հիմնադրած «Կամուրջ» վարկային կազմակերպության կառավարման ղեկը տարիներ առաջ զավթվել է իշխանության բարձրագույն պաշտոնյաների ջանքերով: Կիրառվել են այդ ժամանակների համար «ստանդարտ» միջոցները՝ ծայրահեղ ճնշումներ, շանտաժ, քրեական մեղադրանքի առաջադրում և այլն: Ֆինանսների նախարարության կողմից հիմնադրամի նկատմամբ նշանակվել է մոտ 1.5 մլրդ դրամի չափով տուգանքը, որն ուժի մեջ է թողնվել վարչական դատարանի կողմից: Իմ ունեցած փաստերի համաձայն այս գործընթացը համակարգվել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի և Ֆինանսների փոխնախարար, հետագայում նաև Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից: Արդյունքում ամբողջովին փոխվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը, իսկ Վարդան Արամյանը նշանակվել է այդ խորհրդի նախագահ: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքերով՝ այս ամենը համաձայնեցվել է հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ:

Ղեկավարելով հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, Վարդան Արամյանը տարիներ շարունակ «մոռացել» է իր իսկ նախարարության կողմից միկրոֆինանսական այս հիմնադրամի նկատմամբ առաջադրած տուգանքի մասին: Գումարը պետական բյուջե վճարելու մասին հարցը հիմնադրամի խորհրդի նիստերում երբևիցե քննարկման չի էլ դրել: Իսկ բյուջեի նկատմամբ պարտավորությունները ժամանակին չկատարելու պատճառով հաշվարկվող լրացուցիչ տույժ-տուգանքների պատճառով չվճարված գումարը հավանաբար արդեն հասել է մոտ 3 մլրդ դրամի:

Հիմնադրամի կառավարման օղակ են սողոսկել ՀՀԿ պատգամավորական նախկին թեկնածուներ և միկրոֆինանսավորման ոլորտի հետ բացարձակորեն կապ չունեցած անձինք՝ տխրահռչակ «մեր դեմ խաղ չկա» կարգախոսը դրոշակ դարձնելով: Արդյունքում, ինչպես և կարելի էր սպասել, թալանով, հարյուր միլիոնավոր դրամների վատնմամբ, բարոյական արժեքների և կառավարման իրենց «ուրույն» համակարգը ներդնելով՝ կազմակերպությունը հասցվել է հոգեվարքի վիճակի:

Ավելի ուշ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը՝ համալրելով ԿԲ-ի կողմից մինչև այդ խորհուրդ «սողոսկած» այլ անդամների շարքը: Ավելին, հիմա էլ Դավիթ Նահապետյանի նախաձեռնությամբ աճապարում են այդ հիմնադրամն աննկատ լուծարել, կարծում եմ՝ կատարած հանցագործությունները վերջնականապես կոծկելու նպատակով:

Խնդրի մասին բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնել եմ, սակայն սայլը տեղից չի շարժվում: Դիմել եմ նաև Ձեզ, պարոն վարչապետ (5.11.2018), սակայն իմ դիմումը, հավանաբար Ձեզ չհասնելով, պարզապես ուղարկվել է Ֆինանսների նախարարություն՝ այդպես էլ մնալով անարձագանք: «Կամուրջ»-ի մտահոգված աշխատակազմի 150 ստորագրություններով Ձեզ ուղարկած դիմումը նույնպես մնացել է անարձագանք:

Խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ «Կամուրջ»-ի հանցավոր հանգույցը վերջապես քանդելու, խոշոր և դեռևս վերականգնելի միկրոֆինանսական այս ինստիտուտը փրկելու համար: Պատրաստ եմ ներկայացնել փաստեր և ապացույցներ՝ վերևում ասածս հաստատելու համար:

Սույնով դիմում եմ նաև ՀՀ իրավապահ մարմիններին՝ այս նամակը որպես հանցագործության մասին հաղորդում դիտարկելու և համապատասխան հետաքննություն սկսելու խնդրանքով:

Գագիկ Վարդանյան

«Կամուրջ»-ի փաստացի հիմնադիր և նախկին տնօրեն