Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քննիչների հետ սկսել են խոսել ձեռ առնելով, արհամարհանքով»․ վարչապետը՝ «Սպայկա»֊ի մասին

Իմ վարչապետ ընտրվելուց հետո մեր իրավապահ և հարկային մարմիններն ինձ անընդհատ ահազանգել են ու ասել, որ Սպայկայի հետ կապված կան լրջագույն խնդիրներ, այդ թվում՝ նաև հարկային: Ես բոլորին ասել եմ, որ օրենքով պետք է հետաքննել, սակայն այնպես անել, որ աշխատանքային գործընթացը, արտահանումը չխաթարվի: Բնականաբար իմ այս հրահանգն ընկել է որոշ մարդկանց ականջով, և նրանք սրանից առիթավորվել են և սկսել են քննիչների հետ խոսել ձեռ առնելով, արհամարհանքով: Քննչական մարմիններն էլ խնդիր են դնում գործը հետաքննելու մասով: Ես բնականաբար չեմ կարող խոչընդոտել հետաքննությանը: Այն ինչ անհրաժեշտ է օբյեկտիվ քննությանը, պետք է տեղի ունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Սպայկայի շուրջ ստեղված իրավիճակի մասին:

Դիտարկմանը, որ ընկերության աշխատակիցներն ակնկալում են իր միջնորդությունը հարցը լուծելու համար, Փաշինյանը նշեց, որ արդեն 10 ամիս է իր լռելյայն միջնորդությունը նրա մասին է, որ քննությունը տանել այնպես, որ ընկերության աշխատանքը չխաթարվի, սակայն դա չի նշանակում, որ որոշ մարդիկ պետք է առիթն օգտագործեն ու գնան քննիչների հետ ձեռ առնելով խոսեն:

Փաշինյանի խոսքերով, եթե Սպայկան բոյկոտի, այլ ընկերություններ ի հայտ կգան. «Ամեն ընկերություն պետք է պատասխանատու լինի իր քայլերի համար: Հիմա ասում են, թե ինչի ուսուցիչների աշխատավարձը չի բարձրանում: Չի բարձրանում, որովհետև որոշ ընկերություններ հարկեր չեն տալիս» :
Վարչապետը նշեց, որ Սպայկայի մասով կարող է բացվել մի մեծ մախինացիայի շղթա, որը չէր կարող գոյություն ունենալ առանց ամենավերևների հովանավորությանը. «Ում մոտենում ես, ասում է՝ ռեստորանս կփակեմ: Այդ դեպքում թող չհարցնեն, թե ինչու թոշակները չեն բարձրանում: Հիմա ինչ, ժողովրդին գերի՞ են վերցրել, մարդկանց կյանքը կանխորոշելու մանդատ ունե՞ն: Չկա նման բան»: