Search
Close this search box.

«Ժողովուրդ». Վերջին ազատումների իրական պատճառը. Բա վարչապետի աշխատակազմի ղեկավարն ինչո՞ւ է շարունակում պաշտոնավարել

«Ժողովուրդ» օթերթը գրում է. «Ապրիլի 2-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվեցին նրա` արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանն ու Կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը:

Պաշտոնապես մեկնաբանվեց, որ այդ մարդիկ վարչապետի հանձնարարությունները պատշաճ չեն կատարել: Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթին երեկ որոշ մանրամասներ հայտնի դարձան: Ազատման պատճառը կապված է Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների ղեկավարների նշանակման վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ ԱԺ ներկայացնելու և այդ նշանակումների ժամկետները խախտելու հետ:

Իսկ, ահա, խնդրի հիմնական պատասխանատուներից վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ինչպես տեսնում ենք, շարունակում է պաշտոնավարել, այնինչ, նա` որպես աշխատակազմի ղեկավար, ուներ իր պատասխանատվության բաժինը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ այս կապակցությամբ, սակայն չհաջողվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: