Search
Close this search box.

«Ժողովուրդ». Մի կաթիլ մեղրի պատմություն. ԱԺ-ում կարող էին նախապես ուսումնասիրել հայտերը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` հասարակական-քաղաքական շրջանակների քննարկումների թիվ մեկ թեման դարձել է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ խորհրդարանի ամբիոնից ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի ելույթը:

ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության և ԲՀԿ-ի միջև տեղի ունեցածը միջկուսակցական պատերազմի պատճառ է դարձել: ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները միմյանց մեղադրում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին խորհրդարանական լսումներին հրավիրելու համար` կատարվածի ողջ պատասխանատվությունը գցելով միմյանց վրա: Նույնիսկ հրապարակվեցին փաստաթղթեր, որ լսումների հրավեր արել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, «Իմ քայլն» էլ հրապարակեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի գրությունը` ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ մի խումբ անձանց, այդ թվում՝ «Իրավունքի կողմ» հ/կ ներկայացուցիչներին (որոնք, ինչպես պարզվում է, ԼԳԲՏ անդամ են) խորհրդարանի շենք մուտքի թույլտվություն տալու վերաբերյալ:

Իրականում այս պատմությունը հիշեցնում է մի կաթիլ մեղրի պատմությունը: ԱԺ լսումների հրավիրելիս ո՛չ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով հանձնաժողովի նախագահը, ո՛չ «Իմ քայլի» պատգամավորները, ո՛չ ԱԺ աշխատակազմը չէին կարող պատկերացնել, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ոչ միայն կարող են մտնել ԱԺ շենք, այլև ելույթ ունենալ՝ բացահայտ խոսելով իրենց իրավունքների մասին: Ի վերջո, լսումներին մասնակցելու ցանկություն հայտնելիս նրանք չեն ասել, թե ովքեր են: Բայց, մյուս կողմից, ԱԺ-ում կարող էին նախապես ուսումնասիրել մասնակցության հայտ ներկայացրածների ինքնությունն ու հետո միայն որոշում կայացնեին՝ հաշվի առնելով հնարավոր անցանկալի հետևանքները: Այնպես որ, այստեղ մեղավորներ փնտրելը, միջկուսակցական պատերազմ մղելը, մեղմ ասած, տեղին չէ, առավել ևս, երբ այդ ամենից օգտվեցին հենց ԼԳԲՏ ներկայացուցիչները, որոնք հիմա փորձում են տեղավորվել հալածյալի կերպարի մեջ և ընդամենը մի փոքր ելույթով մի քանի օր շարունակ դարձան հասարակական-քաղաքական քննարկումների թիվ մեկ թեման մի երկրում, որն իրականում ավելի լուրջ խնդիրներ ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: