Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը ռուսական բազայում. Մոսկվան չի սիրում, երբ կասկածում են

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազա:

«Վարչապետի գլխավորած պատվիրակությունը ռազմական ավանում ծանոթացել է «Մեծ ամրոց» զինվորական ճամբարում զինծառայողների կյանքին և կենցաղին, նաև այցելել է «Պատվո բլուր» և «Զինվորական փառքի» հուշահամալիր, զորամասի թանգարան և Սուրբ Ալեքսանդրայի տաճար», – նշված է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի հաղորդագրությունում:

Ըստ տարբեր տվյալների՝ Պատվո բլուրում հանգչում են ռուսական բանակի մի քանի հարյուր սպաներ, որոնք զոհվել են 1853-56 և 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմների ժամանակ: Մոսկվայի Պատրիարք Կիրիլն ասում էր, որ «Գյումրիում Պատվո բլուրը եւ այլ հիշատակի վայրեր ձեր երկրում վկայում են ռուս ուղղափառ եղբայրների հանդեպ հայ ժողովրդի երախտագիտությունը»:

Մոսկվան բաց չի թողնում հնարավորությունը հիշեցնելու, որ Հայստանն ու հայ ժողովուրդը գոյություն ունեն միայն ռուս զինվորի ու քաղաքական գործչի շնորհիվ: Դրանից էլ «հետեւում է», որ Հայաստանն առանց Ռուսաստանի չի կարող գոյություն ունենալ:

Ռուսաստանի համար դա առանձնահատուկ քաղաքականություն չէ, այն այդպես է վարվում բոլոր հետգաղութային ժողովուրդների հետ: Վերջերս Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը Մոսկվայում էր: Վլադիմիր Պուտինի հետ համատեղ հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ Ղազախստանն ու Ռուսաստանը «չեն ընդունում մեր ընդհանուր պատմության՝ մասնավորապես Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության կեղծման, վերախմբագրման, «սեւացման» փորձերը»:

Մի քանի խոսք էլ Բայկոնուրի եւ համատեղ նախագծերի մասին կար, բայց առանցքայինն այն էր, որ «պատմությունը չի վերախմբագրվելու»: Մոսնվան չի սիրում, երբ կասկածում են իր փրկչի դերի մեջ եւ իր քաղաքականությունը գաղութատիրական ու նվաճողական են անվանում:

Գյումրիում Պատվո բլրի կառուցումը դարձել է տարածաշրջանում ռուսական քաղաքականության հաջորդականության խորհրդանիշը՝ բազայում ժամանակակից սպառազինության կողքին տեղակայված է զինվորական գերեզմանոց: Ռուսները հիշեցնում են, որ այս հողում իրենք զոհվել են դեռ նախանցած դարում: 2013 թվականին ուղիղ Գյումրի եկած Վլադիմիր Պուտինը, լուսանկարվեով հրթիռների ֆոնին, հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հեռանա Կովկասից:

lragir.am