Search
Close this search box.

ՀՔԾ պետի կարծիքով` Քոչարյանի ազատության մեջ մնալը կարող է խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը, թեեւ նախաքննությունն ավարտվել է

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ մնալով,  կարող է խոչընդոտել քրեական գործով ճշմարտության բացահայտմանը, լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Ըտս նրա՝ ՀՔԾ-ն մոտ 15 օր առաջ կրկին միջնորդությամբ դիմել էր դատարան, որպեսզի Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվեր: «Հետևաբար, մեր դիրքորոշումը մնում է նույնը` գտնում ենք, որ նրա ազատության մեջ մնալը կարող է խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը: Այդ որոշումը կայացվել է դատարանների կողմից, և վերադաս դատական ատյանները նույնպես միասնական եկել են այն եզրահանգման, որ մեր միջնորդությունը հիմնավոր է, և կա վտանգ,  որ, ազատության մեջ մնալով, Քոչարյանը կխոչընդոտի նախաքննությանը»,- ընդգծեց Խաչատրյանը:

ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Ընդհանուր իրավասության դատարանը գտել էր, որ կաշառքի համար Քոչարյանին առաջադրված մեղադրանքում բացակայում է հիմնավորը կասկածը, իսկ մյուս մեղադրանքով բավարարել կալանավորումը երկարացնելու քննիչի միջնորդությունը` գտնելով, որ որպես երկրորդ նախագահ կարող է ազդել քննության վրա, թեեւ նախաքննությունն արդեն ավարտվել է: Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել պաշտպանական կողմը: Բացի այդ` գանգատ է ներկայացվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի խախտման հիմքով, որը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետն առաջին անգամ երկարացնելուն, ինչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է: