Search
Close this search box.

Հայ-ռուսական զորախումբը ետ կմղի պայմանական հակառակորդի հարձակումը

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող հայ-ռուսական միացյալ զորախումբը զորավարժության ժամանակ լեռնային տեղանքում ետ կմղի պայմանական հակառորդի հարձակումը։ Հետախույզների առաջադրանքն է լինելու փնտրել հակառակորդի առավել կարևոր օբյեկտներն ու կապի հանգույցները, նահանջի և վիրավորներին էվակուացնելու ճանապարհներ, տեղեկացնում են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։

Զինծառայողները մշակելու են քողարկման, առաջին օգնության ցուցաբերման, ГЛОНАСС համակարգով տեղանքում քարտեզով կողմնորոշվելու առաջադրանքներ։

Ավելի վաղ տանկային և հրետանային ստորաբաժանումները ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները։ Կապի հետախուզման և ղեկավարման «Ստրելեց» համալիրներից և ԱԹՍ–ներից թիրախների կորդինատները ստանալուց հետո Տ-72Բ տանկերով, 122 մմ «Ակացիա» ինքնագնաց հաուբիցով, 2Ս11 «Սանի» ականանետով և «Գռադ» ՀԿՌՀ-ով զինծառայողները լեռնային տեղանքում՝ 1-ից 20 կմ վրա, խոցել են տանկերի, ՀՄՄ-ների և հրետանային միջոցների նմանակող թիրախները։

Նշենք, որ ապրիլի 1-ից 14-ը հայ-ռուսական համատեղ զորախումբը վարժանքներ է անում, որին մասնակցում է ավելի քան 1500 զինծառայող, և ներգրավված է մոտ 300 միավոր զինտեխնիկա։

Վարժանքները անցնելու են հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի և 102–րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հրամանատարությամբ։

Զորախմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը:

Զորախմբի նպատակն է ժամանակին հայտնաբերել երկու կողմերի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը և հետ մղել այն՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով: