Search
Close this search box.

«ԵՊՀ-ից ապօրինի հեռացվել է մոտ 500 ուսանող». Բաց նամակ ԿԳ նախարարին ՝ փրկեք ուսանողներին. Արտակ Գալստյան

Հարգարժան նախարար, հավանաբար տեղյակ էք ԵՊՀ-ում տիրող իրավիճակից:
Ըստ ինձ հասած լուրերի՝ ԵՊՀ-ից ապօրինի հեռացվել է մոտ 500 ուսանող:
Հեռացման հիմքում դրված է Ձեր 2018թ. ղեկտեմբերի 17-ի թիվ 1676-Ն հրամանի 25-րդ կետը,որը ըստ իմ կարծիքի ԵՊՀ Ռեկտորի կողմից միտումնավոր խեղաթյուրված է և ըստ էության ուսանողների ակադեմիական ազատություններին ուղղված Ձեր հրամանը ԵՊՀ հեռացող Ռեկտորի թեթև ձեռքով դարձել է ուսանողներին պատժելու գործիք:
Ի՞նչն է հետաքրքիր:
ԵՊՀ ղեկավարությունը ուսանողներին և նրանց ծնողներին ուղղորդում է դեպի ԿԳ նախարարություն,ամեն ինչի մեջ մեղադրելով Ձեզ:
Իմ կարծիքով՝ տեղի է ունենում միտումնավոր սաբոտաժ և մանիպուլյացիա, ժողովրդի մի ստվար հատվածի դժգոհությունը դեպի նոր իշխանությունները ուղղելու անթաքույց նպատակով:

Պարզաբանեմ խնդրի էությունը:
Ձեր նշված հրամանի 11-րդ կետով սահմանել էք,որ վատ սովորող ուսանողները իրավունք ունեն մինչև տարեվերջ հանձնել 12 կրեդիտ պարտք և նրանց տվել էք ևս երկու անգամ լուծարք հանձնելու հնարավորություն:
Նույն հրամանի 25-րդ կետում կիրառել էք սահմանափակում,ըստ որի 11-րդ կետը չի տարածվում ՊՆ պատվերով սովորող և բանակից տարեկետման իրավունքով ԵՊՀ ընդունված ուսանողների վրա:
Հրամանը իրոք բարենպաստ է ուսանողների համար, սակայն ԵՊՀ Ռեկտորը այն կիրառում է կամայական:

Չգիտես ինչու նա որոշել է, որ հեռացված ուսանողները ՊՆ պատվերով սովորող են, քանի որ նրանք Պատիվ Ունեմ ծրագրի մասնակից են:
Մինչդեռ 3 մայիսի 2018 թվականի N 538 – Ն ՀՀ Կառավարության որոշմամբ ՊՆ պատվերով տեղերը հատկացված են՝ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ՀՀ ՊՆ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան, օտարերկրյա այլ ռազմաուսումնական հաստատություններ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան ԲՈՒՀ- երին:
ԵՊՀ-ին ՊՆ պատվերով տեղեր հատկացված չեն:
Ավելին՝ դիցուք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ընդհանրապես չունի պետական պատվերով տեղեր:
Բացի այդ, Ձեր հրամանին ԵՊՀ Ռեկտորը կամայականորեն տվել է հետին ուժ և այն կիրառել 2017 թ-ին ընդունված ուսանողների նկատմամբ: Իսկ ինչպես գիտեք, անձի վիճակը վատթարացնող նորմը հետադարձ ուժ չունի:
Փաստացի ԵՊՀ Ռեկտորը սկզբում զրկել է ուսանողներին լուծարքները հանձնելու հնարավորությունից, իսկ այնուհետև հեռացրել նրանց ԵՊՀ-ից:
Ընդ որում հեռացվածների ցուցակում են ապրիլյան հեղափոխության ժամանակ ակտիվ դերակատարում ունեցող ուսանողները:

Ամփոփեմ ՝
Ամենայն հավանականությամբ ԵՊՀ Ռեկտորը հստակ գիտակցելով, որ իր օրերը հաշված են,ո րոշել է դուռը թափով փակել և ԵՊՀ-ից հեռացնել ապրիլյան հեղափոխության ակտիվիստներին:
Մենք արդեն իսկ հայցերով դիմել ենք դատարան ԵՊՀ Ռեկտորի ակնհայտ ապօրինի հրամանը անվավեր ճանաչելու պահանջով, սակայն դատարանները հայցերը վարույթ ընդունելով հրաժարվում են կասեցնել ապօրինի հրամանի գործողությունը մինչև դատական ակտի կայացումը:
Արդյունքում ԵՊՀ Ռեկտորի ապօրինի հրամանը անվավեր ճանաչելուց հետո ուսանողների խախտված իրավունքը վերականգնելը կլինի անհնարին, քանի որ նրանք արդեն զորակոչված կլինեն բանակ:
Կարծում եմ, սա այն իրավիճակն է,որ պահանջում է Ձեր անհապաղ միջամտությունը,նախկին ռեժիմի կառկառուն ներկայացուցիչ,Բուհը կուսակցական բջիջ դարձրած,ուսանողների դիմաց դռներ փակած ԵՊՀ Ռեկտոր Ա.Սիմոնյանի ապօրինությունները կանխելու նպատակով:

Սույն նամակի փաստերը ներկայացված են հակիրճ,ավելի ծավալուն և իրավական հիմնավորումներով նամակը վաղը կուղարկեմ Ձեզ:
Կխնդրեի ծանոթանալ դրա հետ անձամբ և հաշվի առնել,որ խոսքը գնում է մոտ 500 ուսանողների մասին, որոնք իրենց ընտանիքի անդամների հետ միասին կազմում են մոտ 4000-ից 5000 անձ և նախկին ռեժիմի մանիպուլյացիայի շնորհիվ չպետք է դժգոհեն ժողովրդի իշխանությունից:

Հարգանքով՝ Արտակ Գալստյան