Search
Close this search box.

Աննա Հակոբյանն Ալիևայի հետ նույն օդանավում չի եղել. վարչապետի աշխատակազմ

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «Լրատվական դաշտում տեղեկություն է տարածվել, որ Աննա Հակոբյանն ապրիլի 1-ին Փարիզից ԱՄՆ է մեկնել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հետ։ Այս տեղեկատվությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։

Նախ, Աննա Հակոբյանը ԱՄՆ չի մեկնել Փարիզից, երկրորդ՝ չի մեկնել Ալիևայի հետ։ Լուրը հերքվել է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի կողմից։

Հատկանշական է, որ տեղեկությունը տարածվել է ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ կողմից, որը նշում էր, թե Աննա Հակոբյանն ու Ալիևան իրար կողքի նստած Փարիզից մեկնել են Նյու Յորք։

Նշենք, որ Հակոբյանն ԱՄՆ է մեկնել ապրիլի 1-ին։ Նրան ուղեկցում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

Այցի շրջանակում Աննա Հակոբյանը մասնակցել է բարեգործական մի շարք ընթրիքների, ունեցել երկկողմ հանդիպումներ, որտեղ ներկայացրել է երկու հիմնադրամների գործունեությունն ու ծրագրերը: Աննա Հակոբյանն այցելել է նաև Մեմֆիս քաղաքի Սուրբ Հուդայի անվան հիվանդանոց, որտեղ նախատեսվում է ստորագրել հուշագիր ST Jude (Սուրբ Հուդայի) մանկական հետազոտական հիվանդանոցի, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև»: