Search
Close this search box.

Ծնվեցին, որ ապրեցնեն․ նոր կյանքեր՝ ապրիլյան պատերզամից հետո. ՖՈՏՈ

Աշխարհի բոլոր պատերազմները սկսում են տղամարդիկ և ավարտում են դրանք կանայք։ Խաղաղություն կերտողն էլ է կինը, կյանքը շարունակողն էլ, պատերազմից վերադարձածին երկրորդ կյանք նվիրողն էլ։ Եվ, խոշոր հաշվով, պատերազմի մեծագույն զոհն էլ հենց կին-մայրն է։ Մայրը միակն է, ում էության ոչ մի դրվագում, գոյության ոչ մի անկյունում տեղ չունի պատերազմը։ Անհամատեղելի են մայրն ու պատերազմը՝ մեկը լույս աշխարհ բերողն է, մյուսը՝ լույսը խլողը, մեկը արարողն է, մյուսը կործանողը, մեկը սերն է, մյուսն՝ ատելությունը։

Ապրիլյան պատերազմի ծանր օրերից հետո էլ նորից հայ մայրերն ուղղեցին մեր ժողովրդի մեջքը՝ չկոտրվեցին, չխեղճացան, մնացին վեհ, ուժեղ՝ թեև ցավը սրտում։ Եվ հավատարիմ մնալով կնոջ վսեմ կոչումին՝ Քառօրյա պատերազմում զոհված մեր հերոսների մայրերից շատերը նորից փոքրիկներ լույս աշխարհ բերեցին՝ իրենց համար որպես մխիթարանք, մեզ համար՝ որպես դաս ապրողաց՝ կյանքը շարունակվում է․․․ Սակայն առաջին հրեշտակները, որ ծնվեցին Ապրիլյան պատերազմից հետո, հենց պատերազմում զոհված մեր քաջորդիների դուստրերն էին, որոնց լույս աշխարհ գալը դեռևս հետապրիլյան ընկճախտի մեջ գտնվող մեր հանրության համար իսկական վերակենդանացում եղավ։ Անահիտն ու Էլմիրան այն երկու աղջիկներն են, որոնք այդպես էլ չհանդիպեցին իրենց հայրիկներին, բայց իրենց լույս աշխարհ գալով հաստատեցին մի կարևոր խորհուրդ․ պետք է ապրել, որպեսզի կյանքը հայրենիքին զոհաբերածների սխրանքն արժեք ունենա։

2016 թվականի մայիսի 6-ին, երբ դեռ առաջնագծում հետապրիլյան լարվածությունը չէր թուլացել, ծնվում է Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դուստրը։ Հրաչը սպասում էր դստեր ծնվելուն, կնոջ՝ Անուշի հետ արդեն անունն էլ էին որոշել՝ Անահիտ, բայց ճակատագիրն այլ բան որոշեց՝ Հրաչը պիտի հետմահու հայր դառնար։ Ապրիլից հետո Գալստյանների օջախում Անահիտի ծնունդը միակ ուրախությունը չէր։ Լույս աշխարհ են գալիս նաև Հրաչի քրոջ և եղբոր որդիները՝ Նարեկն ու Հրաչը։ Քրոջ որդու՝ Նարեկի անունն էլ էր Հրաչն ընտրել։

2016 թվականի հոկտեմբերին լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվում, որ ապրիլյան պատերազմում զոհված Գեղամ Մկրտչյանի այրին շուտով լույս աշխարհ է բերելու նրանց փոքրիկին։ Արցախցի Անուշին համացանցի օգտատերերն արդեն ճանաչում էին 2016թ-ի ապրիլին տարածված մի տեսագրությունից՝ լրագրողը ֆիքսել էր պահը, երբ Անուշին հայտնում են, որ ամուսինը զոհվել է։ Անուշն ու Գեղամը ընդամենը 6 ամսվա երիտասարդ ամուսիններ էին ու  զույգը անգամ տեղյակ չէր, որ երեխայի է սպասում։ Անուշն իմացել է լուրը, երբ արդեն երկու ամսվա հղիություն էր կրում։ 2016 թվականի նոյեմբերի 25-ին լույս աշխարհ է գալիս փոքրիկ Էլմիրան՝ իր ներկայությամբ մոր ու հարազատների կյանքը լցնելով նոր սիրով ու հույսով։

Ապրիլյան պատերազմում զոհված հերոսներից յուրաքանչյուրի օջախում երեխայի ծնունդը դառնում է համազգային ուրախության ու քննարկման թեմա։ Այդպես եղավ նաև, երբ 2017 թվականի փետրվարի 3-ին Քառօրյայի հերոսական հրամանատարներից մեկի՝  Բենիամին Եղոյանի քույրը՝ Գայանեն որդի ունեցավ ու եղբոր հիշատակին որդուն Մենթե անունը տվեց (Բենիամինին բանակում ընկերները Մոնթե էին կանչում)։

Այնուհետև, 2017թ․ հունիսի 13-ին  լույս աշխարհ եկավ 2016թ․ ամռանը սահմանին զոհված  Գևորգ Հարությունյանի եղբայրը:  Մայրը երազում էր տեսել, որ որդի է ունենալու և նրան զոհված որդու անունով է կոչելու։ Այդպես էլ եղավ։ Նորածնին եղբոր անունը տվեցին՝ Գևորգ։

2017 թվականի հունիսի 17-ին Առաքելյանների ընտանիքում նորից Ալեքսան է ծնվում։  Ջեբրայիլի մարտերում հերոսի մահով ընկած փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի եղբայրը եղբոր հիշատակին նորածին որդուն նրա անունով է կոչում։

2017 թվականի օգոստոսի 6-ին Ապրիլյան պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանի մայրը արու զավակ է  լույս աշխարհ բերում։ Երեխային Արթուր անունն են տալիս։ Ազատի կրտսեր քույրը՝ Ջեմման, եղբոր զոհվելուց երկար ժամանակ հետո տան պատի անցքի մեջ մի գրություն էր գտել՝ «Հետ եմ գալու»․ Ազատն էր թողել՝ բանակ գնալուց առաջ։ Փոքրիկ Արթուրը ծնվեց քրոջ՝ Ջեմմայի ծննդյան օրը․․․

2017 թվականի սեպտեմբերի 3-ին Սլոյանների ընտանիքում լույս աշխարհ է գալիս Քյարամ Սլոյանի  եղբորորդին։ փոքրիկին Քյարամ են կոչում՝ ի հիշատակ հերոսաբար զոհված հորեղբոր։

2018 թվականի հունիսի 11-ին Ապրիլյան պատերազմի մասնակից և մարտական հերթապահության ընթացքում զոհված Խաչատուր Հարությունյանի մայրը լույս աշխարհ է բերում Խաչատուրի եղբորը՝ Նարեկին։ Փոքրիկը ծնվում է՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների, որ ունեցել է մայրը հղիության ընթացքում։

2018 թվականի հոկտեմբերին ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում զոհված Վիկտոր Յուզիխովիչի մայրը՝ Աննա Յուզիխովիչը որդի է լույս աշխարհ բերում։ Փոքրիկին Վիկտոր անունն են տալիս։ Նորածին Վիկտորի ծնունդով Յուզիխովիչների ընտանիք են վերադառնում սերը, հավատն ու տիկին Աննայի լուսավոր ու կյանք տվող մայրական ժպիտը։