Search
Close this search box.

Եթե կրկին պատերազմ լինի, վարչապետի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ մղելու ենք մեր ընդհանուր մարտը. Արմեն Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահեցնում է՝ եթե հանկարծ կրկին պատերազմ լինի այս իշխանությունների օրոք, իրենք մի կողմ են դնելու քաղաքական տարաձայնությունները  և, ըստ սահմանադրության, վարչապետի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ մղելու են ընդհանուր մարտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աստված մի արասցե, եթե հանկարծ կրկին պատերազմ լինի այս իշխանությունների օրոք, բնական է, որ մենք մի կողմ ենք դնելու քաղաքական տարաձայնությունները  և ըստ Սահմանադրության վարչապետի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ մղելու ենք մեր ընդհանուր մարտը: Այսօր այստեղ հանգչող տղաների աճյունները այն գինն է, որ մենք՝ բոլորս վճարել ենք հասկանալու համար, որ քաղաքական տարաձայնությունները մի կողմ, կան բաներ, որոնք մեզ միավորում են»,-ասաց Աշոտյանը:

Նրա կարծիքով՝ Ապրիլյան պատերազմը վերահաստատեց երկու հայկական պետությունների գոյության պատմական իրավունքը: Աշոտյանի կարծիքով՝ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել, քանի որ Ադրբեջանը մինչ այդ ընկած ժամանակահատվածում բանակցային գործընթացում չէր հասնում իր նպատակներին, այն է՝ պարտվում էր: «Բանակցային գործընթացի տրամաբանությունը և բովանդակությունը չէր համապատասխանում Ադրբեջանի ղեկավարության ցանկությանը և  նա, հուսալքված լինելով բանակցային գործընթացից, փորձեց փոխել ստատուս քվոն և խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Մեր տղաների սխրանքը հենց դրա մեջ էր, որ նրանք կանխեցին ռազմական ճանապարհով խնդրի լուծման հնարավորությունը, ինչին Ադրբեջանը տարիներ շարունակ պատրաստվում էր»,-նկատեց Աշոտյանը: