Search
Close this search box.

«Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Ամփոփենք ուրեմն.

1. Պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը 2 միլիարդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել:

2. Առաջին եռամսյակում տնտեսվարողներին է վերադարձվել 26.4 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 7.4 միլիարդ դրամով:

3. 2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավել ՀԴՄ կտրոն: 2019 առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավել տպագրված ՀԴՄ կտրոնների թվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է:

4. ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը առաջին եռամսյակում լսել է 506 բողոք, որից 288-ը, այսինքն կեսից ավելին՝ բավարարվել է (նախորդ տարի նույն ժամանակահատվածում լսվել էր 152 բողոք, բավարարվել էր 78-ը): Այս վիճակագրությունը ոչ միայն վկայում է հարկային մարմինների և գործարար միջավայրի փոխվստահության աճի մասին, այլև էականորեն բեռնաթափում է դատական համակարգը»: