Search
Close this search box.

«Ես շատ հիասթափված եմ, որ ապրել եմ Հայաստանում. հերոսներին հարգել չգիտեն». Ապրիլյան պատերազմում զոհված զինվորի մայրը հիասթափված է

Ապրիլյան պատերազմի մասնակից Գրիգոր Հարությունյանի մայրը` տիկին Անահիտը, այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում էր: Լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց, որ շատ վիրավորված է քաղաքացիներից.

«Ես շատ հիասթափված եմ, որ ապրել եմ Հայաստանում: Հերոսներին հարգել չգիտեն: Մեր մահացած որդիներին էլ չեն հարգում, ծնողներին էլ չեն հարգում: Իշխանություններից ես ոչ մեկից դժգոհ չեմ, այլ՝ քաղաքացիներից. կան քաղաքացիներ, որ իրենց տվյալ տեղում պահել չգիտեն, չգիտեն՝ իրենց կողքն ով է կանգնած։ Չէ՞ որ լսում ենք այդ բոլոր խոսակցությունները: Ուղղակի ես շատ եմ ափսոսում, որ մեր բոլոր զոհերը հանուն հայրենիքի, հանուն հայի տվեցինք, ամեն մեկը չէ, որ կարող է «հայ» կոչվել»,- ասաց հերոսի մայրը:

Տիկին Անահիտը չցանկացավ մանրամասնել՝ ինչը կամ ով է իրեն այդպես վիրավորել. «Ասում էին՝ թող չգնային, թող չկռվեին. իմ որդին զինվոր է եղել, իմ որդին կամավոր չի գնացել, նա ընդամենը 9 ամսվա ծառայող է եղել: Իմ որդին խոշտանգվել է, էդ ամբողջ նկարներն իմ մոտ են: Ո՞նց կարող են նրանք նման արտահայտություններ անել: Ես իմ որդու նկարները դրա համար եմ պահում, երբ որ բոլորը կզգան, որ նրանք հերոսներ են, ես կհանդարտվեմ, կպատռեմ այդ նկարները: Շատ տհաճ է, որ նման արտահայտություններ են անում: Ես ուղղակի կխնդրեի, որ հարգեն»,- ասում է որդեկորույս մայրը: