Search
Close this search box.

Գիշերը, ժամը մեկին, էդվարդին զանգահարել է Գագիկ Ծառուկյանը

2001թ-ին Ասկերանում,մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունից վիրավորված Էդվարդ Դավիթի Ավագյանը նամակով դիմել էր Գագիկ Ծառուկյանին.

«Հարգարժան Պարոն Ծառուկյանին,

Էս Էդվարդ Դավիթի Ավագյանս խիստ անհրաժեշտությունից ելնելով դիմում եմ Ձեզ։
2001թ ին ծառայել եմ ԼՂՀ Ասկերանի թիվ N զորամասում: Առաջնագծում մարտական հենակետում հատուկ հրամանով ականազերծման ժամանակ, ականի պայթունի հետևանքով ստացա ծանր մարմնական վնասվածքներ,կյանքս մի կերպ բժիշկները փրկեցին,սակայն դարձա հաշմանդամ:
Սկզբում ինձ տրվեց 2-րդ խմբի հաշմանդամության կարգ,սակայն հետագայում հայրենի իշխանությունը հավանաբար շատ գտավ հաշմանդամության նպաստի 70,000 ՀՀ դրամը իր զինվորի համար և կարգս փոխեցին 3-րդի և նպաստի գումարը կիսվեց:
Անկեղծ ասած միշտ ամաչել եմ իմ հաշմանդամությունից,ձգտել եմ դառնալ հասարակության լիարժեք անդամ և այդ պատճառով միշտ աշխատել եմ,ողորմություն չեմ խնդրել,հայրենիքիս տված պարտքը դրոշակ չեմ դարձրել:
2008 թ ի գարնանը նախկին վերքերս և կոնտուզիաս սրացան և ինձ անկողին գցեցին:
Օգնության հասան ընկերներս,բայց քանի որ հասարակ մարդիկ են այս ժամանակահատվածում իմ և ընտանիքիս հոգսը հոգացին վարկով վերցրված գումարներով:Այս ամենը տևեց մոտ 10 տարի:
Այդ ընթացքում երբ հիվանդությունը նահանջում էր,աշխատում էի և վճարում էի պարտքերս:
Աստված ինձ միայնակ չթողեց,ամուսնացա,հասկացա որ հաշմանդամին էլ կարող են սիրել,ծնվեցին զույգ աղջիկներս՝ հրեշտակներս:
Զինթոշակառու եմ,ՊՆ ում բնակարանի հերթի եմ կանգնած,բայց ինչպես ասում են <<տերովին տերն է տարել,անտերին գայլը>> ,գեներալները որպես կարիքավոր մեկի փոխարեն 3 բնակարան ստացան,իսկ ես դեռ ապրում եմ վարձով:Կենսաթոշակս ամբողջովին տրամադրում եմ տան վարձին:

Երբեմն չեմ կարողանում վճարել և բարի տանտերերը ինձ փողոց են շպրտում ընտանիքիս հետ: Ոչ,ամենևին նեղված չեմ,կյանքը ընդհանուր ծանր է բոլորիս համար և ոչ ոք պարտավոր չէ հոգալ ուրիշի հոգս՝թեկուզ և առաջնագծում վիրավորված զինվորի:
Զինվորը ինքնին արժեք չունի,առավել ևս երբ վիրավորված է և հաշմանդամ ՝ Արցախյան պատերազմի ազատամարտիկները և քառօրյայի մասնակիցները վկա:
Փառք տիրոջը երկիրը այսօր խաղաղ է,2001թ-ի պայթյունը միայն իմ գլխում է և թող այլևս ոչ ոք դրա ձայնը չլսի:
Ձեզ դիմելուս նպատակը՝
Ողորմություն չեմ ցանկանում,գումար նույնպես,այսօր փառք Տիրոջը կարողանում եմ աշխատել և պատրաստ եմ հանուն ընտանիքիս ցանկացած աշխատանքի:
ՀՀ Վարչապետը հաշմանդամ մարդկանց Նախարար է նշանակում,գովելի է,նշանակում է դեռ ավելորդ չենք,դեռ կարող ենք ծառայել պետությանը և ժողովրդին:
Ո՞րն է խնդրանքս.
Աշխատանք եմ խնդրում Ձեզանից,որ որպես տղամարդ,թեկուզ և հաշմանդամ կարողանամ արժանապատիվ ապրել և պահել իմ ընտանիքը,մարել պարտքերս ընկերներիս առաջ: Եթե Ձեր ձեռնարկություններում կգտնեք մի աշխատատեղ,ապա կխնդրեի Ձեզ որ այն տրամադրեք ինձ:Կամ գոնե ընդունեք ինձ և լսեք,դա էլ քիչ չէ,ինձ մարդ կզգամ այլ ոչ թե օգտագործված հումք:
Ինքս Աբովյան քաղաքի բնակիչ եմ,տիրապետում եմ տարբեր արհեստների,այս նամակով դրանց մասին չեմ նշում,ավելորդ նամակս չծանրաբեռնելու նպատակով:
Եթե ժամանակ կգտնեք կարդաք նամակս և գտնեք,որ ես նույնպես արժանի եմ արժանապատիվ ապրելու կամ ուշադրության, ապա ձեր օգնականները կարող են ինձ հետ կապնվել նշված հեռախոսահամարներով:
Եթե կարող էք օգնեք,եթե ոչ ապա կրկին չեմ նեղվի,Աստված Ձեզ պահապան լինի,Ձեր հոգսն էլ մեծ է:
Աստված բոլորիս հետ»:
Խորին հարգանքով ՝ Է.Ավագյան

Նամակի տեսահոլովակի հրապարակման օրը, գիշերը ժամը մեկին, նրան է զանգահարել Գագիկ Ծառուկյանը և երկուշաբթի ժամը 10-ին հրավիրել իր մոտ:

«Տեսահոլովակդ տեսնելով, չէի կարող հենց այս պահին չզանգահարել» ասել է Գագիկ Ծառուկյանը:

«Թող Էդվարդի դրական էմոցիաները,նրա հույսի, երջանկության այդ նույն ալիքը վերադառնա Գագիկ Ծառուկյանին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Իրավապաշտպան Արտակ Գալստյանը .

Իմ կողմից ասել շնորհակալություն,դա նույնն է ոչինչ չասել:
Խոսքերով չեմ կարող նկարագրել ապրումներս,սա այն եզակի դեպքն է,որ գրիչս անզոր է:
Աստված պահապան հայ զինվորին և նրանց չուրացողին»: