Search
Close this search box.

Վարչապետի որդու համար կարտոֆիլ կլպելը «զապադլո» չի, ավել անելը «զապադլո» չի. Նիկոլ Փաշինյանը՝ ավստրիահայ համայնքի հետ հանդիպմանը

Վարչապետի որդու համար կարտոֆիլ մաքրելը «զապադլո» չի: Այս մասին Վիեննա կատարած այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ զինված ուժերում կանոնադրային հարաբերությունների մասին:

«Ասում էին՝ բանակը մեր սրբությունն ա, եկեք չբարձրաձայնենք խնդիրները: Հակառակը՝ բանակը մեր սրբությունն ա, դրա համար պետք ա սրբենք էդ մարմինը վատ երևույթներից: Մեր երեխեքի հարաբերությունների մասին վախենո՞ւմ ենք խոսալ: Ես մի գաղտնիք ասեմ:

Ինձ հետաքրքիր էր՝ իմ տղան, որ բանակում ծառայում ա, ինքը ո՞նց ա ծառայում, ծառայո՞ւմ է այնպես, ինչպես մյուսները: Ես հանձնարարեցի, որ ինձ գաղտնի տեղեկանք տան, թե ոնց է տեղի ունենում ծառայությունը: Ես ուրախացա, երբ տեսա, որ բոլոր աշխատանքներին մասնակցում ա, այդ թվում՝ զորամասի տարածքը մաքրելու աշխատանքներին:

Ես, լինելով ՀՀ վարչապետ, եթե կռանում եմ Երևանի կենտրոնում, ծխուկներ եմ հավաքում, իմ տղան էլ պետք է ավելը վերցնի ու մաքրի զորամասի տարածքը, և դա պետք է լինի հպարտանալու առարկա, ոչ թե նվաստացուցիչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Համայնքի ներկայացուցիչներից մեկի դիտարկմանը, թե տուգանքներ է պետք սահմանել, որ չաղտոտեն, Փաշինյանն արձագանքեց. «Ճիշտ եք ասում, բայց ես չեմ ուզում՝ ուղղակի տուգանքներով լինի, ես հավատում եմ, որ կարող ենք իրար հետ խոսել, հասկանանք: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք իրար հարգել ոչ թե նրա համար, որ եթե չհարգենք, կտուգանեն, այլ որովհետև մի ժողովուրդ ենք, նույն դարդերն ունենք:

Ես հույս ունեմ, որ ուրիշ զորամասերում էլ կլսեն, որ վարչապետի որդու համար կարտոֆիլ կլպելը «զապադլո» չի, ավել անելը «զապադլո» չի, կոկիկ լինելը «զապադլո» չի, շարքային լինելը ամոթ չի, հակառակը՝ հպարտություն է, որ լինելով վարչապետի որդի՝ ծառայում ես որպես շարքային զինվոր»,- նշեց նա: