Search
Close this search box.

ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջելու Նազենի Ղարիբյանից Կ. Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի և պատճառների մասին

Կոնստանտին Օրբելյանին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո խոսել եմ մաեստրոյի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Հաշվի առնելով, որ հարցն առնչվում է մաեստրոյի իրավունքների երաշխավորմանը՝ որոշում եմ կայացրել քննարկման վարույթ սկսելու մասին: Երկուշաբթի պաշտոնական նամակով պարզաբանումներ կպահանջվեն մշակույթի նախարարի պաշտոնակատարից Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի և պատճառների մասին:

Այս պահին ի գիտություն եմ ընդունել Մշակույթի նախարարության և նախարարի պաշտոնակատարի հրապարակային պարզաբանումները»,-գրել է Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ ըստ Մշակույթի նախարարության՝ տնօրենի պաշտոնից Կ. Օրբելյանի ազատելու վերաբերյալ նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշումը կայացվել է ՀՀ օրենքի պահանջով և պայմանավորված չէ նրա գործունեության գնահատականով:
«Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից», իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը չի համարվում այդպիսին՝ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով սույն թվականի ապրիլի 1-ից դադարեցվում են Կ. Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի լիազորությունները»,-նշված է պարզաբանման մեջ: